Ծանոթանալով ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման հետ, որոշվել է այն մասնակի բողոքարկել Վճռաբեկ դատարան։ Որոշումը չի բողոքարկվի գրավի մասով։ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 և 314.3 հոդվածներով նախատեսված արարքները սուբյեկտի մասով ապաքրեականացվել են։ Այս կարևորագույն իրավական հարցին Վերաքննիչ քրեական դատարանը իր որոշմամբ պատշաճ գնահատական չի տվել։
Մեր կարծիքով, Վճռաբեկ դատարանը իր լիազորությունների շրջանակներում պետք է կայացնի նախադեպային որոշում, դրանով իսկ ձևավորելով իրավակիրառ միատեսակ պրակտիկա։
Ինչ վերաբերվում է Վաչագան Ղազարյանի համար սահմանված գրավի գումարին և այն վճարած անձի վերաբերյալ տեղեկություններին, ապա այս պահին նպատակահարմար չենք համարում հրապարակել որևէ տեղեկություն՝ ելնելով նախաքննության գաղտնիքից և բանկային գաղտնիքից։
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Վաչագան Ղազարյանի գործի վերաբերյալ, հայտարարում ենք, որ մինչ օրս լրատվության տարբեր միջոցներում հրապարակված անունները և անձինք (Ալիկ Ավդալյան, Կամո Ավակումյան, Ռուբեն Թաթուլյան) որևէ կապ չունեն Վաչագան Ղազարյանի գրավի վճարման հետ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Աղբյուրը՝ 1in.am