Իմ ամուսնուն ծեծի չեն ենթարկել, սայթաքել է գետնին թափված ջրի պատճառով․ մանրամասներ` «Օլիմպավան»-ի միջադեպից

Այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլում սկանդալային լուր տարածվեց՝ կապված Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալության մասին։

Տարածված տեղեկատվության համաձայն` «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։

Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։

Սակայն ոստիկանության տարածած պաշտոնական տեղեկատվությունըպարզապես հերքում է տուժողի կինը՝ Լիլիթ Հակոբյանը։

NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Հակոբյանն ասաց, որ իր ամուսնու և Ծառուկյանի ու Էդուարդ Բաբայանի միջև որևէ միջադեպ չի պատահել, իսկ տեղի ունեցածը դժբախտ պատահար է եղել․

«Ես հիվանդանոցում բարձրաձայնեցի, որ տեղի ունեցածը Գագիկ Ծառուկյանի արածը կարող էր լինել, բայց դա կրքերից տրված խոսակցություն էր։ Ամուսինս, երբ արդեն հիվանդանոցում կազդուրված էր, պատմեց ինձ ողջ եղելությունը։ Իրականում ամբիոնի մոտ ջուր է թափված եղել, ոտքը սայթաքել, ընկել է աթոռի վրա, աթոռը ջարդվել է և վնասել ամուսնուս, ուրիշ ոչ մի բան»,- ասաց Հակոբյանը։

Նա մեզ տեղեկացրեց, որ ամուսնու՝ Վյաչեսլավ Հարությունովի առողջական վիճակն այս պահին կայուն է, վատ չի զգում իրեն․ «Իմ ամուսինը շատ կրքոտ է, շա՜տ։ Իրենց մոտ խոսքուզրույց է եղել, արագ պտտվել է ու սայթաքել։ Իսկ ինչ վերաբերում է ոստիկանության տեսանյութին, ես չեմ հասկանում՝ դա ինչ է, միգուցե ներարկումների արդյունքում է խոսել, հասկացե՛ք՝ նա վատ վիճակում է, երկու տարի է՝ չենք կարողանում մեր որդու հարցը լուծել, նա էլ է կրքերին տրված է եղել, դա շատ բարդ պատմություն է եղել մեզ համար, երկու տարի անընդմեջ մեր ընտանիքում անախորժություն է այդ պատճառով։ Բայց դա ծեծի բան չէ, բացարձակ»,- ասաց Լիլիթ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել «Օլիմպավան»-ում։