Ստացվում է՝ մենք մեր երկիրը ներկայացնող մասնակցին տեղը տեղին քլնգում ենք, եվրոպացիները՝ հավանում ու սատարում:

«Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին խոսակցությունները մեզանում չեն դադարում նույնիսկ հիմա, երբ վերջապես ընտրվել է Հայաստանի պատվիրակը: Ինչպես և կանխատեսվում էր, այսօր էլ գտնվել են «մեր երկիրն առավելագույնս պատվով ներկայացնելու» հարցով տառապող օգտատերեր, ում չի բավարարում այն, ինչ մատուցվում է:

Մասնավորապես երեկ, երբ հանդիսատեսի դատին ներկայացվեց Սևակ Խանաղյանի «Քամի» երգի տեսահոլովակը, որոշ քոմենթչիներ սկսեցին երգել նույն երգը, թե հիմա էլ տեսահոլովակն է սև ու մութ, մռայլ է, չունի կուլմինացիա: Ոչ պակաս պարապ լրագրողներն էլ, մոռանալով իրենց մասնագիտական պարտականությունները, ընտրում են copy paste կարճ ճանապարհը՝ սկանդալ սարքելու ու դիտումներ կորզելու համար: Ի դեպ, սա ընդունված աշխատելաոճ է դարձել լրագրողների համար, սեփական արտադրանք ստեղծելուց անցել են իրենց պատրաստի հրամցրած նյութերը վերցնելուն ու կայքերով տարածելուն:

Մի կողմ թողնելով այն պարզ տրամաբանությունը, որ դժվար թե այս երգի խոսքերի հիման վրա նկարահանվեր տեսահոլովակ՝ զանգուլակներով ու փուչիկներով, անցնենք մեկ այլ կարևոր նրբության:

«Եվրատեսիլ» երգի մրցույթի Youtube-յան պաշտոնական էջում տեղադրված տեսահոլովակի տակ մեկ օրում արվել է մոտ 1.400 մեկնաբանություն: Եվ այսչափ մեկնաբանությունների մեջ դժվար է գտնել մեկ-երկու մեկնաբանություն, որոնք դժգոհություն կարտահայտեն, ի դեպ մեկնաբանությունները մեծ մասամբ անգլերենով են՝ այլազգի երկրպագուների կողմից: Ստացվում է՝ մենք մեր երկիրը ներկայացնող մասնակցին տեղը տեղին քլնգում ենք, եվրոպացիները՝ հավանում ու սատարում: Եվ նույն այդ եվրոպացիները Հայաստանի մասին կարծիք են կազմում մեր չեղած մեդիադաշտի նյութերի հիման վրա:

Ու այս ամենը հստակ սցենարով կրկնվում է ամեն տարի. քվեարկում, ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրում ենք մասնակից, հետո էլ՝  մի պարապ «խելոք» մի քանի հավանում, մի քանի «մեկնաբանանություն» ճանկելու ու իբր  «գերժամանակակից» խաղալու համար սկսում է, թե բա «ամբողջ աշխարհը զարգացավ, հայերը չէ, բա ամոթ չի՞, որ մենք նորմալ կանգնենք երգ երգենք, բա բեմին միմոսություն չի՞ լինելու»:

Ոչ, չի լինելու. Ի դեպ, հիշեցնենք, որ Եվրատեսիլն ամենաանկանխատեսելի մրցույթ է, որտեղ միշտ չէ, որ հաղթում է խեղկատատակությունը: Եվրոպացիներն արդեն կուշտ են տղամարդկ-կանանցից, վոկալից հեռու աստղերից, շոուներից. հաղթում է երգը, վոկալը, դրա վառ ապացույցն է անցած տարվա հաղթողն էր:

Կարճ ասած՝ լրագրողներին ու չինքնահաստատված ֆեյքերին մնում է կամ իրենց նեգատիվն ու մաղձը այլ տեղ թափել կամ համակերպվել այն մտքին, որ Հայաստանն այս տարի պատվով է ներկայացվելու, ուզեք, թե ոչ:

LosArmNews.com