Սևակ Խանաղյանի պրոդյուսեր Վիկա Մալոյանն առաջին անգամ հարցազրույց է տվել ու բացել փակագծերը

Երգիչ Սևակ Խանաղյանի պրոդյուսեր Վիկա Մալոյանին հանդիսատեսը երբևէ չի տեսել հարցազրույցներ տալիս, Սևակի մասին խոսելիս կամ նրա գովքը անելիս: Առաջին անգամ Վիկան «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի, իր ու Սևակի համագործակցության, առաջիկա ծրագրերի մասին խոսել է ArenaNews.am կայքի հետ զրույցում:

Վիկա, մյուս պրոդյուսերների համեմատ բավական համեստ եք, դիտավորյալ եք նման մարտավարություն ընտրել, թե՞ խառնվածքով եք այդպիսին:

Ես ընհանրապես չեմ սիրում «պրոդյուսեր» բառը, որովհետև այդ բառը չգիտեմ ինչու ինձ մոտ ասոցացվում է Կարաբաս-Բարաբաս բառի հետ. կարծում եմ՝ արտիստները խամաճիկներ չեն:

Սևակը շատ հաստատված ու պինդ, լավ միջուկով անձնավորություն է, ով ընդհանրապես պրոդյուսեր հասկացողության կարիքը չունի: Մեզ մոտ թիմային աշխատանք է, ամեն մեկս մի ֆունկցիա է անում, բայց  ամենավերջին խոսքը միշտ Սևակինն է:

Ինչ վերաբերում է հարցազրույցներ տալուն ու էկրաններին երևալուն, ես գտնում եմ, որ իմ աշխատանքը չպետք է լինի առաջին պլանում. միշտ բեմ պետք է դուրս գա արտիստը, իսկ մեր աշխատանքը ստեղծելն է ճիշտ ու համար պայմաններ, որ նա հանգիստ զբաղվի իր ստեղծագործական գործով:

-Արտիստի թիմի կողմից երգչին առաջին պլան մղելը՝ նույնիսկ մյուսներին թերագնահատելու հաշվիn,  բավական շատ է հանդիպում. վերջին նման թարմ օրինակը օրեր առաջ էր, երբ Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը նշել էր, որ «20 մասնակցից ոչ ոք չի կարող մրցել Մհերի հետ», նման որակումներին ինչպե՞ս եք վերաբերում:

Գիտեք՝ ես կարիք չեմ տեսնում մյուսներին քննադատել կամ գնահատականներ տալ, միայն կարող եմ ասել մի բան՝  մենք անում ենք այն, ինչ պետք է անենք:

Սևակը պետք է լավ ելույթ ունենա, իսկ դա նա կանի 100%-ով: Մենք ունենք շատ գեղեցիկ,  գրագետ ու էմոցիոնալ երգ, դե իսկ կենդանի կատարման հետ ոչ մի խնդիր չունենք:  Իսկ ինչ վերաբերում է մնացած արտիստներին, ես միայն կարող եմ ասել, որ երիտասարդների մեջ կան շատ տաղանդավոր մասնակիցներ ու կան նաև մի քանի շատ գեղեցիկ երգեր:

Վրջիվերջ հանդիսատեսին հնարավոր չէ խաբել, հանդիսատեսն ամեն ինչ շատ լավ զգում է, ու ինքն է տալիս գնահատականները. պրոդյուսերների գնահատականների կարիքը հանդիսատեսն  ընդհանրապես չունի, պրոդյուսերների կարծիքը ոչ հանդիսատեսի կարծիքի, ոչ էլ ճաշակի վրա չի ազդում:

-Դուք ինքներդ ինչպես եք գնահատում Սևակի շանսերը, ի՞նչ կարող են  ակնկալել Սևակն ու իր թիմը միջազգային այս մրցույթից:

Ինչքան էլ ասածդ ոչ այնքան համեստ հնչի կամ Սևակին դուր չգա, բայց դա իմ կարծիքն է՝  ես  Սևակին թե որպես մարդու, թե որպես արտիստի, թե որպես մենակատարի 101 տոկոսով վստահում եմ՝  նա լավագույնս կարող է ներկայացնել մեր երկիրը միջազգային այդ  մրցույթում:

-Գաղտնիք չէ, որ Սևակը շատ կարճ ժամանակում դարձավ ամենապահանջված ու սիրված երգիչներից մեկը, ինչ եք կարծում՝ ո՞րն է նրա ֆենոմենը:

Հայ հանդիսատեսը իրեն շատ կարճ ժամանակում ճանաչեց, բայց ինքն անցել է երաժշտական շատ երկար ուղի: Չեմ կարծում, թե դրա հետևում ինչ-որ ֆենոմեն կա. դա քրտնաջան աշխատանքի ու անկեղծության արդյունք է միայն:

-«Քամի» երգն արդեն հասանելի է հանդիսատեսին, հիմնականում ի՞նչ արձագանքներ եք ստացել:

Մինչ այժմ միայն դրական արձագանքներ ենք ստացել:

Ես ինքս էլ երաժշտության հարցում շատ բծախնդիր եմ ու քննադատաբար եմ վերաբերում, բայց այս երգն ինձ էլ շատ է դուր գալիս: Սա այն երգերից չէ, որը երկար է մտածվել ու գրվել.  թե բառերը, թե երաժշտությունը միանգամից են գրվել ու շատ անկեղծ վիճակ է ստացվել:

-Հայ հասարակությունը բավական լուրջ, բծախնդիր ու ինչու չէ նաև ծանր է ընդունում այս մրցույթի և ընտրական փուլի, և վերջնական արդյունքների հետ կապված ցանկացած հարց, Դուք ինչպե՞ս եք վերաբերում դրան:

Չեմ կարծում, որ միայն այս մրցույթին են բծախնդիր վերաբերում, ցանկացած մրցույթ ինչ-որ ասեկոսեներ, քննարկումներ  է առաջացնում, և դա նորմալ է, դրա համար էլ հենց կոչվում է մրցույթ:  Ոչ մի արտառոց բան դրա մեջ չեմ տեսնում:

Ես ուղղակի կուզենայի, որ արդյունքները հիմնված լինեն արդար ընտրության վրա, ուզում եմ հավատալ, որ հենց այդպես էլ կլինի.  ժողովուրդն ինքը պետք է իր ընտրությունն անի. որ երգը որ հարմար կլինի հանդիսատեսի քիմքին, թող այդ երգն էլ ընտրվի:

-Թեպետ նախագծին բավական լուրջ ենք վերաբերում, բայց 1-ին տեղ կամ գոնե լավագույն 3-յակում դեռ չենք հայտնվել, ո՞րն է ըստ Ձեզ դրա պատճառը: Եվ Սևակը Ձեր կարծիքով հավակնու՞մ է լրացնել այդ բացը:

Եթե այնպես ստացվի, որ մենք ներկայացնենք Հայաստանը, մենք չենք գնալու ուղղակի մասնակցելու, գնալու ենք մեր երկրի համար հաղթանակ բերելու:

Չեմ կարծում, որ մասնակցում են միայն մասնակության ու երկիրը պատշաճ ներկայացնելու համար, ոչ, յուրաքանչյուր մրցույթի պետք է գնալ հաղթելու նպատակով:

Աղբյուրը՝  ArenaNews.am