Exclusive. «Ցանկացած պահի մեզ համար հարազատ մարդկանցից մեկը կարող է էլ չլինել».Սևակ Խանաղյան մեկնաբանում է իր նոր տեսահոլովակը

Ընդամենը մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց Սևակ Խանաղյանի «Если вдруг» երգի նոր տեսահոլովակը: Այն, թե ինչ ասելիք ուներ այս երգը, ինչպես են ընտրվել տեսահոլովակի հերոսներն ու ինչպես են անցել նկարահանումները երգիչը պատմել է LosArmNews.com կայքի հետ զրույցում:

-Սևակ, օրերս Ձեր  նոր՝ «Если вдруг» երգի տեսահոլովակի պրեմիերան էր, ի՞նչ արձագանքներ եք ստացել և ի՞նչ մեսիջ ունեիք այս տեսահոլովակով փոխանցելու:

-Այո,  նոր տեսահոլովս արդեն հասանելի է հանդիսատեսին: Մինչ այժմ արձագանքները միայն դրական են եղել, դեռ որևէ վատ մեկնաբանություն չեմ տեսել, ինչի համար շատ ուրախ եմ: Եթե չկա վատ արձագանք, ուրեմն ամեն ինչ ճիշտ է արվել,  և մենք հանդիսատեսին կարողացել ենք փոխանցել այն, ինչ ուզում էինք:

Թե որն էր երգի հիմնական ասելիքն, ասեմ, որ, ըստ իս, ցանկացած մարդ իր կյանքում գոնե մի անգամ մտածել է այն մասին, թե ինչ կլինի, եթե մի օր ինքն այլևս չլինի: Եվ  երգն էլ հենց այդ մասին է. տեսահոլովակում փորձել ենք ցույց տալ, որ արժևորել է պետք կյանքի ամեն մի րոպեն ու վայրկյանը, քանի որ ցանկացած պահի մեզ շրջապատող ու մեզ համար հարազատ մարդկանցից մեկը կարող է էլ չլինել: Դրա համար ապրել ու գնահատել է պետք ամեն րոպեն:

-Ո՞րն էր պատճառը, որ Դուք այս անգամ տեսահոլովակում չկայիք:

-Մենք լիարժեք վստահել ենք ռեժիսորին, տեսահոլովակի ռեժիսորն ինձ չի տեսել հոլովակում, ու ես դրա հետ լիարժեք համաձայնել  եմ ու չեմ փորձել իմ մասնակցությամբ խանգարել ռեժիսորի պատկերացրածը: Առանց իմ մասնակցության էլ տեսահոլովակի հերոսները կարողացել են պատմությունը հասցնել մարդկանց:

Առանց ավելորդությունների, մինիմալիստական, սև ու սպիտակի համադրության մեջ ներկայացրած տեսահոլովակը շատ համապատասխան էր Ձեր իմիջին, արդյո՞ք տեսահոլովակը նմանկերպ նկարահանելու գաղափարը Ձերն էր:

-Անկեղծ ասած՝ ոչ. առաջարկել են այդ գաղափարը, ինձ դուր է եկել ու համաձայնել եմ:

Նկարահանման պրոցեսին որքա՞ն ժամանակ եք տրամադրել:

-Տեսահոլովակի զուտ նկարահանման գործընթացը տևել է 3 օր:

-Եվ վերջում՝ Ինչպե՞ս ու ի՞նչ սկզբունքով են ընտրվել տեսահոլովակի հերոսները:

Երբ կարդացի տեսահոլովակի սցենարն ու հասկացա՝ ինչ ենք նկարելու, միանգամից հիշեցի Սեբաստյան Սիսակին, ում հետ վաղեմի ընկներ ենք: Չգիտես ինչու միանգամից հենց իրեն տեսա այդ կերպարում: Առաջարկեցի, ինքն էլ սիրով համաձայնեց, ինչի համար իրեն անչափ շնորհակալ եմ:

Իսկ մոդել աղջկա համար քասթինգ անցկացրինք, շատ աղջիկներ դիմեցին, բայց ընտրեինք հենց Անուշին, իր բնական գեղեցկության համար:

LosArmNews.com