Ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սև սուրճի ամենօրյա գործածությունը կարող է շատ օգտակար լինել սրտամկանի համար, սակայն դրական արդյունքի հասնելու համար ըմպելիքը հարկավոր է պատրաստել առանց շաքարավազի ու այլ վնասակար հավելումների, գրում է actualnews.org կայքը։
Հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ամեն օր սուրճ խմող մարդկանց մոտ սրտային անբավարարության հավանականությունը նվազում է 5-12 տոկոսով։ Ընդ որում՝ այս ցուցանիշը յուրաքանչյուր բաժակի համար է։ Ինչպես նշում են մասնագետները, առանց կոֆեինի սուրճը նման ազդեցություն չի ունենում։
Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ առհասարակ սուրճ չխմող կամ օրական մեկ բաժակից պակաս սուրճ օգտագործող մարդկանց մոտ սրտային անբավարարության զարգացման հավանականությունը որևէ փոփոխության չի ենթարկվում, մինչդեռ օրական երկու բաժակից ավելի սուրճ օգտագործող կամավորների մոտ այս հիվանդության զարգացման վտանգը նվազում է 30 տոկոսով։
Դեռ վերջերս կոֆեինը համարվում էր խիստ վտանգավոր առողջության և հատկապես սրտամկանի համար, սակայն բազմաթիվ հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սուրճը կարող է առողջ սննդակարգի մասը կազմել, եթե այն պատրաստելիս դրանում կաթ, շաքարավազ կամ բարձր յուղայնությամբ սերուցք ներառված չլինի։ Այս դեպքում սուրճը միայն դրական կանդրադառնա առողջության վրա, ուստի դրանից հրաժարվելու կարիք չի լինի։