Մասնագետը նշել է՝ որ դեպքերում կարող է ձմերուկը վտանգավոր լինել

Ձմերուկը տարվա այս եղանակին ամենատարածված ու սիրված մթերքն է, որը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, սակայն սննդաբան Սվետլանա Ֆուսը նախազգուշացնում է, որ որոշ դեպքերում այս մթերքը կարող է վտանգավոր լինել, ուստի հարկավոր է շատ զգոն լինել։

Ինչպես գրել է մասնագետն իր ինստագրամյան էջում, այս մթերքն առաջին հերթին վտանգավոր է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում, ուստի ստամոքսի ու աղիների քրոնիկ հիվանդությունների սրման փուլում ձմերուկից հարկավոր է խուսափել։ Բացի այդ, այն կարող է վնասակար լինել այն մարդկանց համար, որոնք հաճախ են բախվում փորլուծության խնդրին, ունեն երիկամաքարային հիվանդություն կամ շագանակագեղձի ախտաբանություններ։

Վերոնշյալ խնդրիների առկայության դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել ձմերուկից, մինչդեռ մյուսների համար այն կարող է շատ օգտակար լինել։ Այս մթերքն արդյունավետ կերպով խոնավացնում է օրգանիզմն ու հագեցնում է հանքանյութերով, վիտամիններով ու էլեկտրոլիտներով։ Ձմերուկի առավելություններից մեկը դրանում լիկոպինի բարձր պարունակությունն է։ Լիկոպինը կարոտինոիդային գունանյութ է, որն ակտիվացնում է մաշկի պրկության ու երիտասարդության համար պատասխանատու սպիտակուցի՝ կոլագենի արտադրությունը։ Բացի այդ, այս մթերքը նաև պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից, ինչը նույնպես շատ կարևոր է։

Միևնույն ժամանակ մասնագետը նախազգուշացնում է, որ անգամ կատարյալ առողջ լինելու դեպքում այս մթերքը չի կարելի չարաշահել, քանի որ առողջական խնդիրներից խուսափելու համար օրական թույլատրվում է ուտել առավելագույնը 200 գրամ ձմերուկ։ Բացի այդ, հարկ է հիշել, որ այն ոչ մի դեպքում չի կարելի գնել ժամանակից շուտ, քանի որ այդ դեպքում մթերքը կարող է հագեցված լինել նիտրատներով, որոնք խիստ վնասակար են առողջության համար։

tert.am