Մեծ Բրիտանիայում բուժքույրը 12-ժամյա հերթապահությունից հետո երեխա է լույս աշխարհ բերել՝ անգամ չկասկածելով, որ հղի է

Մեծ Բրիտանիայի Թայն և Ուիր կոմսության Սանդերլենդ քաղաքից բուժքույրը 12-ժամյա հերթապահությունից հետո երեխա է ունեցել, սակայն նախկինում իր հղիության մասին տեղյակ չի եղել, գրում է Daily Mail պարբերականը։

Հոգեբուժական հիվանդանոցում աշխատող 31-ամյա բուժքույր Էմմա Հինդմարշը պատմել է, որ վերջին շրջանում աշխատանքով չափից շատ է տարված եղել ու կարծել է, թե ոչ կանոնավոր և շատ ուտելու հետևանքով է ավելորդ քաշ հավաքել, իսկ հղի լինելու մասին մտքով անգամ չի անցել։

Մայիսի երկուսին աշխատանքից տուն վերադառնալիս Հինդմարշն ամուսնուն որովայնի շրջանում սուր ցավերից է բողոքել։ Այնուհետև բուժքույրը երկու հաբ է ընդունել, իսկ երկու ժամ անց տանը 2,5 կիլոգրամ քաշով փոքրիկի ծննդաբերել։

Երեխայի հայրը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հրապարակում է արել՝ նշելով, որ երեխան «պարզ երկնքում հայտնված հանկարծակի ամպրոպի պես» է լույս աշխարհ եկել։ Հայտնի է, որ երեխային Իզաբել Ռոուզ են անվանակոչել։

Tert.am