Ինչպես չգիրանալ, երբ տանն ես. պայքարին միացել են սննդաբաններն ու մարզիչները

Կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից հետո շատերը տնից են աշխատում։ Արտակարգ դրության առաջին օրը սոցցանցերում  լուսանկարներ, տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես են մարդիկ  շատ սնունդ գնում` վախենալով, որ տնից չեն կարող դուրս գալ։
Հոգեբանները վստահեցնում են, որ այս իրավիճակում, սառնարանում առկա մեծ չափաբաժնով սնունդը շատ շուտ էլ կարող է սպառվել, քանի որ մարդիկ սթրեսից ենթագիտակցաբար անընդհատ կարող են ուտել։ Ու որպեսզի շատ չուտեն և հետո չբողոքեն գիրանալուց, պետք է չտրվեն լարված իրավիճակին և վատ կանխատեսումներ չանեն։

Sputnik Արմենիայի հետ զրույցում սննդաբան Լիլիթ Բաբասյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին հանգստություն պահպանել։

«Ստեղծված իրավիճակում մարդկանց մոտ իսկապես կա որոշակի լարվածություն, վախ, որը հանգեցնում է սթրեսային իրավիճակի։ Գաղտնիք չէ, որ նման պահերին մարդկանց մի մասը հրաժարվում է սննդից, իսկ մյուս մասը սկսում է չափից շատ ուտել։ Երկու դեպքում էլ կտրուկ մոտեցումը կարող է մեծ վնաս հասցնել մեր օրգանիզմին։ Պետք է կարողանանք հավաքել մեզ և ամեն բան անել, որ հնարավորինս շուտ դուրս կգանք այս իրավիճակից»,-ասաց սննդաբանը։

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք այս օրերին շատ սնունդ են պաշարել` դրանք արագ սպառելով իրենց օրգանիզմին վնաս կպատճառեն, որը կհանգեցնի նաև քաշի ավելցուկի։

«Պետք է գիտակցեն, որ իրենց օրգանիզմին ավելի քան երբևէ առողջ սնունդ է պետք։ Տնային տնտեսուհիներին խորհուրդ կտամ պատրաստեն ավելի օգտակար, թեթև, վիտամիններով հարուստ սնունդ․մասնավորապես` բանջարեղենային ապուրներ, տարատեսակ աղցաններ և այլն։ Այս օրերին բժիշկներն էլ են խորհուրդ տալիս գոլ ջուր շատ խմել, որի հաճախակի օգտագործումը կարող է ձերբազատվել կորոնավիրուսից»,- ասաց Բաբասյանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am