Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ երիտասարդ հրաշագործի դերը Հարրի Փոթեր ֆիլմում, դարձել է նրա ալկոհոլիզմի պատճառը: Այս մասին հայտնել է The Independent-ը:
30-ամյա Ռեդքլիֆը պատմել է, որ բոլորին հետաքրքրել է, որ նա խմած է եղել:
«Երբ ես ինչ-որ տեղ էի գնում և հարբում էի, ես հասկանում էի հանկարծ, որ կա հետաքրքրություն: Քանի որ ինչ-որ հասարակ տղա չէր հարբել, այլ՝ «Օ՜, տեսեք, Հարրի Փոթերը բարում հարբում է»,- պատմել է դերասանը:
Նա նաև պատմել է, որ հրաշագործի դերի պատճառով խնդիրներ է ունեցել կարիերայում, քանի որ նրան բոլորը ասոցացնում էին բացառապես Հարրի Փոթերի հետ: Դրա արդյունքն այն էր, որ աստղը երկար տարիներ «ավելի ու ավելի շատ էր խմում»:
Ինչպես նշել է Ռեդքլիֆը, նա չէր հասկանում՝ ինչ պետք է անի հետագայում:
«Սթափ վիճակում գտնվելն ինձ մոտ անհարմարության զգացում էր ստեղծում»,- հավելել է նա։
Դերասանը նաև ասել է, որ ընտանիքն ու ընկերները օգնել են նրան ազատվել ալկոհոլային կախվածությունից:
Աղբյուրը՝ shantnews.am