Թրամփը վրդովված է «Օսկար»-ում «Պորտաբույծները» ֆիլմի հաղթանակից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհամաձայնություն է հայտնել, որ հարավկորեական «Պորտաբույծները» (Gisaengchung, 2019) կինոնկարն «Օսկար» մրցանակ է շահել այս տարի: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 20-ի երեկոյան՝ Կոլորադոյի նահանգում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ կայացած հանրահավաքում: Հեռարձակումը վարել են Միացյալ Նահանգների հեռուստաալիքները։

«Կինոակադեմիայի ի՜նչ ահավոր պարգեւ այս տարի: Հաղթող դարձավ Հրավային Կորեայի ֆիլմը: Գրողը տանի, ի՞նչ է այնտեղ կատարվում,- ասել է Թրամփը:- Մենք Հարավային Կորեայի հետ բավականին խնդիրներ ունենք առեւտրի բնագավառում, իսկ նրանց պարգեւ են տալիս լավագույն ֆիլմի համար: Դա լա՞վ է: Չգիտեմ»: «Վերադարձրեք «Քամուց քշվածները», «Սանսեթի ճեմուղին», այնքան շատ են հիանալի ֆիլմերը, իսկ հաղթողը Հարավային Կորեայից է,- ասել է նախագահը:- Նման բան առաջ եղե՞լ է»:

Փետրվարի 9-ին հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Պորտաբույծները» ժապավենն «Օսկար» ստացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի պարգեւատրման 92-րդ արարողությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ 168.am