Մեր օրերում հաճախ ենք նկատում, որ ծնողերի մեծ մասը երեխաներին շատ ժամանակ չի հատկացնում, նրանք նախընտրում են բջջային հեռախոսը տալ երեխային, որպեսզի Youtube-ով ինչ-որ մուլտֆիլմ դիտի, կամ դիմում են հեռուստացույցի ու համակարգչի օգնությանն ու սկսում են զբաղվել իրենց գործերով: Իրականում ինչպիսի՞ մուլտֆիլմեր կամ ֆիլմեր պետք է դիտի երեխան: Այս և այլ հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ հոգեբան Նունե Վարդանյանից:
Ծնողները ցանկացած անհանգստության ժամանակ կապ են հաստատում հոգեբանի հետ
Հայաստանում փոխվել է հոգեբանին դիմելու մշակույթը: Մարդիկ այսօր արդեն սա բնական են համարում, քան 10 տարի առաջ: Այդպես է հատկապես երեխաների դեպքում: Ծնողները ցանկացած անհանգստության ժամանակ կապ են հաստատում մեզ հետ: Ինչ վերաբերում է իրենց, ապա մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեն դիմում:
Եթե նախկինում մանկապարտեզում բալիկը չէր ինտեգրվում, ծնողներն ասում էին՝ դե լավ, ժամանակ է պետք, հիմա իրենք ականջի ետև չեն գցում:
Երեխաների հետ կապված խնդիրները տարբեր են: Կարող են լինել փոքր տարիքում ունեցած վախերը, ագրեսիան, դպրոցում հարմարվելու, շփման հետ խնդիրները: Դեռահասության շրջանում ավելի շատ ծնող-երեխա հարաբերություններն են:
Տանը հաճախ ծնողները գաղափար չունեն, թե երեխան ի՞նչ է դիտում
Երեխաներին պետք չէ ինքնահոսի թողնել, պետք է ֆիլտրենք, թե ի՞նչ դիտի: Երբ հարցնում ես ծնողին, թե՝ ի՞նչ է նայում քո երեխան, ապա պատասխանը հազվադեպ է համապատասխանում երեխայի՝ «ի՞նչ ես նայում» հարցին տրված պատասխանին: Տանը հաճախ ծնողները գաղափար չունեն, թե երեխան ի՞նչ է դիտում. այստեղ ես վտանգ եմ տեսնում: Հայ երեխան պետք է որոշ ազատություն ունենա, բայց քանի որ ինֆորմացիայի հոսքն անսահմանափակ է, դուք չեք կարող չվերահսկել:
Փոքրիկներն ինչ տեսնում՝ ընդօրինակում են: Շատ դժբախտ պատահարներ են լինում, որովհետև երեխաները փորձում են կրկնօրինակել, ասենք, ֆիլմի, մուլտֆիլմի հերոսներին: Գիտենք, թե երեխաների երևակայությունը ինչքան զարգացած է, ու իրենք հաճախ չեն տարանջատում, թե ո՞րն է երևակայություն, ո՞րը՝ իրականություն: Այս տեսակետից խորհուրդ կտամ շատ շփվել երեխաների հետ:
Այսօր երեխային շատ հեշտ կարելի է կտրել իրականությունից՝ տանելով մի տեղ, որն իր տարիքային հետաքրքրություններին չի համապատասխանում: Կա համացանց, ծնողները հաճախ ծուլանում են, չեն խաղում երեխաների հետ: Կողմ չեմ նաև, որ ծնողը 24 ժամ զբաղեցնի երեխային: Ցավոք, այս մի ծայրահեղությունն էլ կա:
Որպես ծնող եմ ասում՝ երբ կա Youtube, դժվար է ժամանակակից մուլտֆիլմերից վերադառնալ սովետական մուլտֆիլմերին: Եթե երեխան տեսնում է այդ վառ գույները, հետո էլ չի ուզի նայել ավելի պաստելային, հանգիստ գույնի մուլտֆիլմեր: Փոքրիկների համար ամենալավ բանը Baby Einstein-ն է: Սա նայելուց հետո կարելի է անցնել ավելի հանգիստ մուլտֆիլմերի, որոնք հին են, սովետական, հետո՝ պարզ է, կգա մի տարիք, որ չեք վերահսկի նրանց: Քանի դեռ ձեր ձեռքերում է, պետք է գրագետ ընտրել այն, ինչ պետք է նայի: Գունավոր մուլտֆիլմերից հետո էլ հետ ճանապարհ չկա, երեխան կձանձրանա նայել ինչ-որ հանգիստ մուլտֆիլմ:
Երեխաներն ագրեսիվություն սովորում են՝ այն դիտելով
Ագրեսիվություն կարելի է սովորել՝ այն դիտելով: Մի հետազոտություն կա, երեխան նստած է սենյակում, խաղում է, մի կին, ով հետազոտողն է, 10 րոպե հետո վեր է կենում ու մուրճով հարվածում է սենյակում գտնվող խաղալիքին: Դրանից հետո երեխային տանում են ուրիշ սենյակ: Ուզում է խաղալ, ասում են՝ ոչ, այս խաղալիքները քեզ համար չեն, տանում են այլ սենյակ, որտեղ կարող է խաղալ՝ ինչով ուզում է, այնտեղ տեսնում է նույն խաղալիքից ու մուրճից: Շատ ուրիշ խաղալիքներ էլ կան, բայց վերցնում է մուրճն ու խփում՝ կրկելով նույն այն բառերը, ինչ ասում էր այդ կինը:
Համարվում է, որ ցանկացած դեռահաս երեխա մոտ 20.000 բռնության և 10.000 սպանության դեպքի է ականատես լինում հեռուստատեսության, սոցիալական կայքերի միջոցով, ու այդպիսով մոդելավորվում է ագրեսիվ վարքը:
Աղբյուրը՝ 168.am