Հաղորդավարուհի, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հեռուստատեսությունում եւ թատրոնում ունեցած զբաղվածության հետ մեկտեղ գործընկերուհիների՝ Զառա Մանուչարյանի եւ Ջուլիա Մկրտչյանի հետ միասին շուտով նոր անակնկալ ձեւաչափում է ներկայանալու. այն, ի դեպ, բառի բուն իմաստով է անակնկալներից բաղկացած լինելու: Նախագծի գաղափարի եւ ստեղծման մասին դերասանուհին պատմել է NEWS.am STYLE-ին եւ տրամադրել առաջին հաղորդումից բացառիկ լուսանկարներ:
Promote Production-ը հիմնադրի՝ Ջուլիա Մկրտչյանի գլխավորությամբ, դեռ ամիսներ առաջ էր նկարահանել հաղորդման պիլոտային տարբերակը, որի հաղորդավարներն են Անահիտն ու Զառան, պրոդյուսերը՝ Ջուլիա Մկրտչյանը: Հաղորդման պատուհանները վերջնական տեսքի է բերվել երեք ընկերուհիների հերթական հանդիպման ընթացքում. սրճել են, կիսվել մտքերով ու որոշել հաղորդումը կոչել «Միքս շոու»՝ միքսելով մի քանի բլոկեր։
««Միքս շոուն» հաղորդում է՝ բաղկացած 4 պատուհանից: Առաջին մասում ունենալու ենք հանրահայտ հյուր, որի հետ անցկացնելու ենք բլից հարցում, երկրորդում բոլորիս հայտնի «Ռիսկ, թե՞ անկեղծություն» խաղն ենք խաղալու նույն հյուրի հետ, երրորդ պատուհանում ունենալու ենք գաղտնի հյուր, որին անակնկալի ենք բերելու, իսկ չորրորդ պատուհանում հարսանիքների ժամանակ զույգերին անակնկալ ենք մատուցելու՝ հանրահայտ երգչի անսպասելի մուտքով»,-պատմում է Անահիտը:
Հաղորդման առաջին հյուրերը Ռաֆայել Երանոսյանն ու Սոֆի Մխեյանն են եղել: Ռաֆայելը հյուրընկալվել է առաջին մասում, իսկ ահա Սոֆին իր անսպասելի ելույթով անմոռանալի եւ շոկային անակնկալ է մատուցել հայ զույգերից մեկին: Այո, այո, շատերին երեւի նման սյուժեն ծանոթ էր Maroon 5-ի Suger տեսահոլովակից, ըստ որի հանրահայտ խմբի անդամներն անակնկալ կերպով ներխուժում են տարբեր հարսանյաց սրահներ ու հրճվանք պատճառում ամուսնացող զույգերին: Հենց այս տեսահոլովակից էլ ոգեշնչված ստեղծվել է վերջին բլոկը:
«Մտածեցինք՝ ինչո՞ւ Հայաստանում էլ նման բան չանել, հայ զույգերին էլ չուրախացնել հայտնի հայ երգիչների անակնկալ եւ անշահանխնդիր ելույթներով: Քանի որ ինքս անակնկալներ սիրող էմոցիոնալ մարդ եմ, կյանքիս իմաստը միշտ եղել է ուրախացնել շրջապատիս, ընկերներիս, սիրելի մարդկանց… Այս պարագայում արդեն անակնկալները լայն տարածում կգտնեն եւ կարծում եմ՝ հանրությանը դուր կգա թե´ գաղափարը, թե´ միտքը, թե´ սպասվելիք անակնկալները: Առաջին հաղորդման ընթացքում նման անակնկալ մատուցեց Սոֆի Մխեյանը, որը սիրով համաձայնվեց լինել նախագծում եւ անշահախնդիր անակնկալ մատուցել զույգին: Ի դեպ, տվյալ զույգին հատուկ չէր ընտրել, ոչ մեկիս ծանոթը կամ բարեկամը չէին, պարզապես «ներխուժել ենք» հարսանյաց սրահ, ընդհատել հարսանիքն ու մատուցել անակնկալը: Շոկի մեջ էին եւ ուրախ… Հայաստանում փոքր ինչ ռիսկային էր նման ձևաչափի անակնկալ մատուցել, բայց, բարեբախտաբար, մեր սպասելիքներն ավելի քան արդարացան։ Բոլոր հույզերն ու մանրամասները շատ շուտով հաղորդման տեսքով կհանձնենք հանդիսատեսի դատին»:
Անահիտը դեռեւս հստակ չգիտի՝ երբ առաջին հաղորդումը կհանձնվի հանդիսատեսի դատին, բայց վստահեցրեց՝ այն շատ սպասեցնել չի տա: Հաղորդումը հեռարձակվելու է Youtube-յան տիրույթում, ինչպես նաև տարածվելու է սոցցանցերում։ Չի բացառվում, որ մի օր էլ հաղորդավարուհին որեւէ հայտնի կատարողի հետ միասին նման անակնկալ կմատուցի հենց ձեզ: