Բրեգովիչի համերգը շռայլություն է. Ռուբեն Բաբայանը` համերգի համար նախատեսված գումարի մասին

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևան քաղաքի Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված ծախսերին, ասաց, որ ինքն ընդհանրապես կարծում է, որ երեխաների համար ոչինչ պետք չէ խնայել, սակայն Գորան Բրեգովիչի համերգի համար նախատեսված գումարն արդեն շռայլություն է:

«Երկիրն այնքանով է քաղաքակիրթ, որքանով ուշադրություն է դարձնում երեխաներին ու ծերերին, այս երկու կատեգորիաներն անպայման պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում: Ես չգիտեմ նախահաշիվը ծրագրերի, որ կարողանամ ստույգ գնահատել դրանց նպատակայնությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու համար քաղաքապետարանը բյուջեից կծախսի շուրջ 290 հազար դոլար, Ռուբեն Բաբայանն ասաց .«Ես կարծում եմ, որ Բրեգովիչի համերգի համար շռայլություն է, թեև ինքս շատ եմ սիրում նրան»,- ասաց նա:

«Չեմ կարծում, որ Բրեգովիչը ծերերի և երեխաների համար է, այստեղ գուցե հնարավոր էր որոշակի տնտեսում անել: Երեխաները պետք է երջանիկ մթնոլորտում մեծանան, որպեսզի հետո հիվանդ քաղաքական գործիչներ չդառնան, իսկ ծերերը, առավել ևս մեր երկրում, կարծում եմ, որ շատ խայտառակ վիճակում են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ամանորյա ծրագրերի որակին և դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցներին, Ռուբեն Բաբայանը ասաց, թե կարևորում է նախկինում նման տոնական միջոցառումներ կատարողների գնահատականը, որոնք մասնագետ են այս գործում: «Ես կարծում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կազմակերպել են միջոցառումներ, տոնածառեր և նրանց կարծիքն ավելի արժեքավոր է, որպեսզի նրանք ասեն` արժե այդքան փող ծախսել, թե ոչ»,- ասաց նա:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն Ամանորի տոնական միջոցառումների համար ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

Tert.am