Մարդու ամենաօրյա սննդակարգը որոշիչ նշանակություն ունի նրա ատամների առողջության համար: Կան սննդամթերքի տեսակներ, որոնք կարող են կարիես առաջացնել, մինչդեռ կան նաև այնպիսինները, որոնք պայքարում են այս խնդրի դեմ: Մասնագետները ներկայացրել են սննդակարգի հետ կապված մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել ատամների առողջությունն ու գեղեցկությունը:
Ուտել կալցիումով հարուստ մթերք
Կալցիումը պահպանում է ոսկորների ու ատամների առողջությունը, ինչպես նաև նպաստում է թքարտադրությանը, ինչը պաշտպանում է ատամները բերանի խոռոչում առկա բակտերիաներից: Սննդամթերքից բավարար քանակությամբ կալցիում ստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս ուտել նուշ, լոբի, կանաչ տերևավոր բանջարեղեն, թուզ, կաղամբ, ոսպ, խավարածիլ, սարդինաներ, քունջութի սերմեր:
Վիտամին K-ով հարուստ մթերք ուտել
Այս վիտամինն օգնում է օրգանիզմին յուրացնել կալցիումն ու բաշխել այն օրգանիզմում: Վիտամին K-ով հարուստ են ձվի դեղնուցը, հավի լյարդը, պանրի պինդ և փափուկ տեսակները, շաղգամն ու կաղամբը:
Ստանալ բավարար քանակությամբ վիտամին D
Այս վիտամինն օգնում է ատամներին ու ոսկորներին յուրացնել կալցիումը, ինչպես նաև ազդում է ատամներում ֆոսֆորի պարունակության վրա, որն էլ պահպանում է դրանց ամրությունը: Վիտամին D-ն պարունակվում է տավարի լյարդի, ձողաձկան լյարդից ստացված յուղի, ձվի դեղնուցի, յուղոտ ձկնատեսակների և սնկերի մեջ:
Հանքանյութերով հարուստ մթերք օգտագործել
Կալցիումն օրգանիզմին անհրաժեշտ միակ հանքանյութը չի: Կարիեսի կանխարգելման համար շատ կարևոր նշանակություն ունեն նաև մագնեզիումն ու ֆոսֆորը, որոնք ստանալու համար հարկավոր է սննդակարգում ներառել ավոկադո, հավի միս, մուգ շոկոլադ, պանիր, կանաչ տերևավոր բանջարեղեն, լոբազգիներ, ընկույզներ ու սերմեր, ենթամթերք ու հնդկահավի միս:
Բացի այդ, ատամների առողջության պաշտպանման համար մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել կարիես առաջացնող մթերքից, որոնց շարքին են դասվում քաղցրավենիքը, օսլայով հարուստ մթերքը, հացաբուլկեղենը, եգիպտացորենը, կրեկերները, մակարոնեղենը, բրինձը և այլն:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru