Կոստա Ռիկայի շրջակա միջավայրի նախարարությունը վայրի կենդանիների և թռչունների հետ սելֆիի արգելքի արշավ է նախաձեռնել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Tico Times-ը:
«Խնդրում ենք զբոսաշրջիկներին չկերակրել վայրի կենդանիներին և չբռնել նրանց՝ հանուն լուսանկարի», – ասել է երկրի ՇՄ նախարար Պամելա Կաստիլյոն:
Նշվում է, որ զբոսաշրջիկներն այցելում են Կոստա Ռիկայի ազգային պարկեր՝ տեսնելու կապիկներին, համրուկներին, սղոցակտուցներին և կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներին: «Նրանց հետ սելֆի անելու փորձը կենդանիներին կարող է «սթրեսի» ենթարկել, իսկ զբոսաշրջիկների կյանքը՝ վտանգի»,- ասել է Կաստիլյոն:
Կենդանիների պաշտպանության համաշխարհային կոմիտեի տվյալներով ՝ կենդանիների հետ յուրաքանչյուր յոթերորդ սելֆին այցելուներն արել են հենց այս երկրում: Հետևաբար, Կոստա Ռիկայի իշխանությունները հայտարարել են #stopanimalselfies («դադարեցրեք կենդանիների հետ սելֆին») արշավը:
Ճանապարհորդների համար, որոնք ցանկանում են անսովոր լուսանկարներ անել, երկրի հանրաճանաչ տեսարժան վայրերի և օդանավակայանների տարածքում կտեղադրվեն կենդանիների խրտվիլակներ: