Բրիտանուհին հիպնոթերապիայի միջոցով փորձում է հաղթահարել Մայքլ Ջեքսոնի նկատմամբ 18 տարվա վախը

Լոնդոնի 23-ամյա բնակչուհի Փոփի Ջոնսոնը 18 տարի տառապում է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի նկատմամբ վախից, որն առաջացել է այն ժամանակ, երբ 5 տարեկանում նա առաջին անգամ դիտել է Thriller երգի տեսահոլովակը: Նրան հատկապես սարսափեցրել է այն տեսարանը, երբ Ջեքսոնը գայլի է վերածվում: Աղջիկը մանրամասնել է, որ  տեսահոլովակը դիտելիս սարսափելի վախեցել է և դրանից հետո ամեն անգամ Ջեքսոնին տեսնելիս կամ նրա մասին լսելիս անբացատրելի վախ է ապրում:

Ինչպես նշում է Oddity Central-ը, իր վախը հաղթահարելու նպատակով բրիտանուհին հիպնոթերապիայի օգնությանն է դիմել և արդեն դրական փոփոխություն է նկատում:

Հայտնի է, որ Փոփիի ծնողները Ջեքսոնի երկրպագուներն են և հաճախ են նրա հետ կապված հիշատակումներ անում, մինչդեռ Փոփին իր վախը գաղտնի է պահել՝ վախենալով, որ իր վրա կծիծաղեն:

«Ես մշտապես վախենում էի նրան տեսնելուց ու լսելուց և անգամ նրանից, որ ինչ-որ մեկն իմ ներկայությամբ կարող էր խոսել նրա մասին, պարզապես տանել չէի կարողանում այդ մարդուն»,- խոստովանել է Փոփին:

Կնոջ խոսքով՝ ինքը որոշել է այսքան տարի անց հանրային կերպով խոսել իր վախից, որպեսզի տարօրիակ վախեր ունեցող այլ մարդկանց օգնի չամաչել դրանց համար և քայլեր ձեռնարկել այդ իրավիճակի դեմ: