«Կազմակերպիչն արտիստներին չէր վճարել, սակայն կառավարության և մեր միջոցներով համերգը կկայանա»․ Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգը չի չեղարկվի

Մայիսի 26-ին Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի շուրջ երեկվանից քննարկումներ են ծավալվում, ըստ որոնց, համերգը, որին հրավիրված են Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն, հնարավոր է` չեղարկվի։

Tert.am Life-ի հետ զրույցում արտիստներին Երևան հրավիրած «Աննա Կարոլինա» ընկերության հիմնադիր Աննա Կարոլինան ասաց, որ համերգը չեղարկվելու վտանգի առաջ էր, սայկայն կայանալու է, քանի որ կազմակերպչական խոչընդոտները հաղթահարել են։

«Համերգի հայաստանյան կազմակերպիչ ArmCenter ընկերությունը` ի դեմս Վահե Հարությունյանի, փորձել է ձախողել համերգը՝ ոչ միայն չիրականացնելով կազմակերպչական հարցերը, այլև չվճարելով արտիստներին։ Կազմակերպիչ Վահե Հարությունյանը հրաժարվել էր արտիստներին վճարել, սակայն կարողացանք թե՛ մեր միջոցներով, թե՛ կառավարության աջակցությամբ իրականացնել համերգը։ Իրենք արդեն պատրաստ էին համերգը չեղյալ հայտարերել, սակայն  կառավարության ներկայացուցիչների` Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ երկար բանակցություններից հետո, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո համերգը, ի վերջո, տեղի կունենա»։

Նա նաև հայռտնեց, որ «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» պրոդյուսերական ընկերությունները հանդիսանում են արտիստներին Հայաստան բերելու, նրանց հետ բանակցելու և պայմանագրեր կնքելու պատասխանատուները։

«Քանի որ կազմակերպչի համար անհասանելի էր նման մեծ արտիստների հետ համագործակցելը, պայմանագրեր կնքելը, նա դիմեց մեզ, և մենք իրականացրինք այդ պրոցեսը։ Մենք կնքեցինք պայմանագիր ֆրանսիական օրենսդրության համաձայն, որի հիման վրա նա պետք է վճարումներ աներ արտիստներին, սակայն իմացանք, որ վճարուները չի արվել։ Ուզում եմ ընդգծել, որ մենք կազմակերպիչ չենք հանդիսանում, միայն արտիստների հետ ենք աշխատում։ Արտիստներին չվճարելու հետ կապված Վահե Հարությունյանը տարբեր հեքիաթներ է պատմում, որոնք հետագայում` համերգից հետո, կպարզենք»,– ասաց նա։