«Հումորի լիգա» նախագծի մասնակիցները Ուկրաինայից վերադարձել են հաղթանակով. միջազգային «Лига Смеха» փառատոնին հետևում են թողել 200-ից ավելի թիմերի

«Հումորի լիգա» նախագծի հավաքական թիմը մասնակցել է Օդեսայում կայացած «Лига Смеха» միջազգային փառատոնին և հաջողություն գրանցել։ Мульти Армяне թիմն առաջ է անցել 8 երկրից գրանցված 245 թիմերից և նախ ընդգրկվել լավագույն 21 թիմի կազմում, ապա 13 այլ թիմի հետ հնարավորություն է ստացել մասնակցելու նոր եթերաշրջանին: «Հումորի լիգա» նախագծի տնօրեն, FunnyMen Production-ի պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը  Tert.am Life-ին է պատմել գրանցած հաջողության և սպասվող թեժ մրցակցության մասին։

Мульти Армяне թիմում ընդգրկված են «Հումորի լիգայի» մասնակիցները` «Արցախից» Տիգրանն ու Ավետը, «Զվերապոլիսից» Գոռն ու Ազատը և Միսակը,  որը նախագծի, գրեթե, բոլոր թիմերի հետ խաղացել է։ Թիմի կազմում են նաև նախագծի գեղարվեստական ղեկավարներ Վահե Խաչատրյանը, Արսեն Հարությունյանը և տնօրեններ Արամ Մելիքյանն ու Արմեն Սուքիասյանը։

«Ես  նույնպես բեմ եմ բարձրացել, կարծում եմ` դա անակնկալ կլինի հանդիսատեսի համար: Մեր թիմի լիարժեք անդամ է դարձել ու մեզ հետ Կիև է գալու նաև Օդեսայում ապրող ու մեզ շատ հարցերում օգնած Աշոտ Վարդանյանը, որը մեր ձայնային օպերատորն է։ Նա այս փառատոնին մասնակցելու փորձ նախկինում էլ է ունեցել»,– ասաց Արմենը։

Թիմը ներկայացրել է նախապես մտածված համար, թեև, Արմենի խոսքով, սպասում էին իմպրովիզացիայի փուլին, որն այս անգամ չկար: «Անկեղծ՝ չէինք ակնկալում, որ եթերաշրջան կմտնենք։ Նպատակ էինք դրել գալահամերգի փուլ հասնել,   փաստորեն, մենք մեր սպասելիքներն էլ գերազանցեցինք: Կարելի է ասել, 3 փուլում էլ նույնն ենք խաղացել. սցենարը գրել էինք Հայաստանում, երկրորդ փուլից աշխատել ենք խմբագիրների ու գեղարվեստական ղեկավարների հետ, որոնք ուղղորդել են,  խորհուրդներ տվել ու օգնել տեղավորվել ելույթի համար սահմանված տևողության մեջ»,– պատմեց պրոդյուսերը։

Արմենը շեշտում է` սա կարևոր հաջողություն էր մեր երկրի համար և վստահ է, որ կունենա իր դրական ազդեցությունը Հայաստանում հումորի զարգացման համար։ Նա ուրախությամբ հայտնեց սպասվող նորության մասին. «Հայաստանը նման նախադեպ ունեցել էր «ԵրՄի»-ի ժամանակ, երբ Սոչիում կայացած փառատոնին  «ԵրՄի»-ն անցավ հեռուստատեսային լիգա ու դարձավ հաղթող: Դրանից հետո տևական ժամանակ մենք հումորի ասպարեզում նման բարձր հարթակում՝ միջազգային փառատոնում, ներկայացված չենք եղել. հիմա հեռուստատեսային լիգայում ենք, ինչն իսկապես լուրջ նվաճում է ու ոլորտը Հայաստանում զարգացնելու լուրջ նախադրյալ: Բացի այդ, արդեն ունենք պայմանավորվածություն՝ ապրիլից նորից եթերում կլինի «Հումորի լիգա» նախագիծը, որը կլինի վերջին «Հումորի լիգան»: FunnyMen Production-ը ձեռք է բերել իրավունք Հայաստանում հենց նույն ֆորմատով «Лига Смеха» անցկացնելու համար. մենք Իսրայելից, Բելառուսից ու Ուկրաինայից  հետո կլինենք հաջորդ պետությունը, որտեղ կանցկացվի նման միջազգային փառատոն»:

Նրա խոսքով` արձագանքները շատ դրական էին։ Այդ մասին են վկայում  Տելեգրամում նախագծի էջում արված մեկնաբանությունները. «Դրանց մեծ ուշադրություն ենք դարձնում, քանի որ թիմերի բոլոր ելույթներից հետո այնտեղ ակտիվ  կիսվում էին  տպավորություններով: Այս ոլորտում շատ լուրջ տեղ ունեցող մարդիկ մեր թիմի ելույթներից հետո գրում էին, որ նոր որակի ու հասուն հումոր ենք մատուցում»։

Փետրվարի 24-ին սպասվում է նրանց երկրորդ խաղը։ Այժմ թիմի սցենարիստների մի խումբը Հայաստանում է աշխատում, մյուս խումբն օրերս կմեկնի Ռուսաստան զուգահեռ աշխատելու համար։ «Մեզ ընտրել է Եվգենի Կաշեվոյը՝ ամենասիրված ղեկավարներից մեկը: Սպասվող մրցակցության լրջությունը պատկերացնելու համար ասեմ, որ  Իգոր Լաստոչկինը, որը 2 անգամ հաղթել է որպես ղեկավար, այս անգամ ներկայանալու է ոչ թե որպես թիմի ղեկավար, այլ լինելու է լեգենդար «Դնեպր»  թիմի մասնակից. այսինքն՝ խաղալու է մեզ հետ նույն սեզոնում»,– եզրափակեց նա։