«Շանթ» հեռուստաընկերության «Հումորի լիգա» նախագծի առաջին եթերաշրջանն արդեն պատմություն է: Մասնակից թիմերի՝ մի քանի ամսվա պայքարից հետո հաղթող ճանաչվեց «Զվերապոլիս» թիմը, որը ղեկավարում էր Անահիտ Կիրակոսյանը:
«Հումորի լիգա»-ն կարճ ժամանակում մեծ դիտողականություն ձեռք բերեց, եւ ահա նախագծի հաղթական եթերաշրջանի, հաղթող թիմին ընձեռնված հնարավորությունների եւ «Հումորի լիգա»-ի երկրորդ եթերաշրջանի մասին Life.panorama.am-ը զրուցել է «FunnyMen Production»-ի տնօրեն եւ «Հումորի լիգա» նախագծի տնօրեն Արամ Մելիքյանի հետ:
«Իրականում՝ նախագիծը ստացվեց եւ դա փաստում եմ հեռուստադիտողի արձագանքից։ Ինչ վերաբերում է իմ կարծիքին, կարծում եմ՝ մենք ապացուցեցինք, որ ունենք Ֆանտաստիկ թիմ, որը իրականացրեց շատ բարդ նախագիծ։ Շատ կարեւոր էր մեր թիմի պրոդյուսեր Արմեն Սուքիասյանի գործոնը, ով ամիսներ առաջ ուղղակի համոզեց «Շանթ» հեռուստաընկերությանը թույլ տալ այս նախագիծն իրականացնել, իսկ «Շանթ» հեռուստաընկերությունն էլ համաձայնելով՝ չսխալվեց»,- նշեց տնօրենը:
Արամի խոսքով՝ հաղթող «Զվերապոլիս» թիմը հենց սկզբից իր ֆավորիտ թիմերից է համարվել.
«Իմ ֆավորիտ թիմերը երեքն էին, եզրափակիչում շատ ուժեղ ելույթ ունեցան «Հետ Տրիկն» ու «Զվերապոլիսը», իսկ «Գոլֆն» էլ ուժեղ էր ամբողջ խաղաշրջանում։ Ես եզրափակիչում նախապատվությունը տվեցի «Զվերապոլիսին», որն էլ եւ հաղթեց»,- նկատեց նա:
Հարցին, թե բացի դրամական պարգեւից՝ 1.000.000 դրամից, հաղթող թիմին ի՞նչ հնարավորություններ են տրվելու, պատասխանեց.
«Հաղթող թիմը բացի գումարային պարգեւատրությունից, հնարավորություն կունենա «Շանթ»-ում տարբեր նախագծերում նկարահանվելու, իսկ թիմից երկու հոգի հստակ գալիս են մեզ հետ Օդեսա»:
Ի դեպ՝ այս ամսին «Հումորի լիգա» նախագծի հավաքական թիմը կմասնակցի Օդեսայում կայանալիք «Лиги Смеха» փառատոնին:
Հետաքրքրվելով, թե Արամ Մելիքյանն ի՞նչ կարծիք ունի այսօրվա երիտասարդության հումորի զգացումի վերաբերյալ, նշեց.
«Ցավոք՝ ես ունեմ սուբյեկտիվ կարծիք, որ, այո, ներկայիս երիտասարդության մեծամասնությունը այլեւս սիրում է այն հումորը, որի վրա կարիք չկա գոնե կես վայրկյան մտածել»։
Իսկ անդրադառնալով «Հումորի լիգա»-ի երկրորդ եթերաշրջանին, տնօրենը շտապեց ուրախացնել նախագծի երկրպագուներին:
«Մենք արդեն աշխատում ենք 2-րդ եթերաշրջանի վրա եւ կարծում եմ՝ այս տարվա մարտ կամ ապրիլ ամսին կրկին կլինենք եթերում»,- ավարտեց մեր զրուցակիցը։
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am