«Հրապարակ» թերթին հայտնի են դարձել ՀՀ իշխանության և ընդդիմության ամանորյա երեկույթներից մանրամասներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից։
Եթե իշխանությունը երեկ է ամանորյա խնջույք արել «Կովկաս» ռեստորանային համալիրում, ապա, ինչպես տեղեկացանք, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ օրն է նույն՝ «Կովկաս» ռեստորանում մեծ խնջույք կազմակերպել։
«Երկուսը մեկում ենք արել»,- տեղեկացրեց մեր աղբյուրը՝ պարզաբանելով, որ և՛ հետընտրական խնջույք է եղել, և՛ ամանորյա բանկետ։ Մասնակիցների թիվը 5 հարյուրից անցել է՝ տարածքային կազմակերպության ղեկավարներ, շտաբների պետեր, կուսակցականներ։
Իսկ ի՞նչ միջոցներով է ընդդիմադիր ուժը նման միջոցառում անցկացնում։ «Մեր գրպանից ամեն մեկս գումար ենք դրել»։ Երկրի երրորդ քաղաքական ուժն է «Լուսավոր Հայաստանը»՝ և՛ տոնական տրամադրությունն է հասկանալի, և՛ միջոցների հայտնվելը»։
Աղբյուրը՝ armeniasputnik.am