Հայ պաշտոնյաներից ով որտեղ է դիմավորելու Նոր տարին

Թերթը պարզել է, թե տոնական օրերին որտեղ են լինելու Փաշինյանը, Բաբլոյանը, Տոնոյանը, Օսիպյանը, Զուրաբյանն ու Զորաբյանը։

 Հայաստանի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները Նոր տարին դիմավորելու են Հայաստանում: Այս մասին գրում է «Հայկական Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորն ու Սուրբ ծնունդն անցկացնելու է Երևանում: Թերթի հետ զրույցում այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ինչ-որ այցեր, հանդիպումներ ունենալո՞ւ է կամ միջոցառումների մասնակցելո՞ւ է, Եղոյանը փոխանցել է, որ վարչապետի այդ օրերի օրակարգն առայժմ հայտնի չէ։

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Նոր տարին և Սուրբ ծնունդն անցկացնելու է Երևանում: Այս մասին էլ տեղեկացրել են Ազգային ժողովի աշխատակազմից:

Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը տոնական օրերն անցկացնելու է ընտանիքի հետ Երևանում: Այս մասին ՀԺ-ին փոխանցել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ Տոնոյանը տոնական օրերին այցելելու է նաև զորամասեր:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ևս չի պատրաստվում որևէ տեղ մեկնել: Փոխվարչապետի գրասենյակից տեղեկացրել են, որ նա տոնական օրերին լինելու է Երևանում՝ ընտանիքի հետ:

Տիգրան Ավինյանի գրասենյակից նույնպես նշել են, որ նա Երևանում է լինելու այդ օրերին:

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Չոհրաբյանը տոներն անցկացնելու է Եգիպտոսում: Այս մասին թերթին է հայտնել հենց Զոհրաբյանը:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս տոնական օրերին Հայաստանում է լինելու:

«Դեկտեմբերի 31-ին Վալերի Օսիպյանը լինելու է այն ոստիկանների կողքին, ովքեր պետական սահմաններին են լինելու»,- փոխանցել են ոստիկանության լրատվության վարչությունից:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նոր տարին դիմավորելու է Հայաստանում: Այս մասին էլ տեղեկացրել է գլխավոր դատախազության լրատվության պատասխանատու Արևիկ Խաչատրյանը:

Թերթը երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձել է ճշտել, թե որտեղ են Նոր տարին դիմավորելու և անցկացնելու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Սակայն այս երկու գերատեսչությունների լրատվական ծառայություններն այդպես էլ չեն պատասխանել այդ հարցին: