Ձմեռ պապերի վազքարշավը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։
Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին, ժամը 10:00-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն ուղղված է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը:
Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. երեխաները՝ 1կմ, մեծահասակները՝ 5կմ կամ թիմային փոխանցումավազքին։ Մասնակցության համար սահմանված է վճար՝ 6000 ՀՀ դրամ: Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ պապի համազգեստ և մեդալներ:
Վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ ժամը 10:00-ից մինչև 12:30-ն կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակներում, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներում:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն:
Աղբյուրը՝ armeniasputnik.am