Ճապոնիայում աշխատողներին տրվում են հատուկ հերթացուցակներ, որտեղ նշվում է, թե նրանք երբ կարող են ամուսնանալ կամ հղիանալ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ Ճապոնիայի մանկապարտեզներից մեկի դաստիարակը ստիպված է եղել ներողություն խնդրել տնօրենից իր «հերթից շուտ» հղիանալու համար:
«Երբ մենք պարզեցինք, որ երեխա ենք ունենալու, զգացի, որ կինս շատ է տխրել ու անհանգստանում է: Կինս դաստիարակ է աշխատում մանկապարտեզում, որի տնօրենն ինքն է որոշում, թե աշխատողներից որ մեկը երբ պետք է հղիանա: Դա չգրված օրենք է, և աշխատողները չպետք է իրենց հերթից առաջ ընկնեն: Արդյունքում՝ ես ու կինս ստիպված էինք գնալ ու ներողություն խնդրել հղիության համար: Տնօրենը դժկամությամբ ընդունեց մեր ներողությունը, բայց հաջորդ օրվանից սկսած վիրավորում էր կնոջս՝ նրան մեղադրելով եսասեր լինելու ու կարգը խախտելու համար»,-ճապոնական թերթերից մեկին անկեղծորեն պատմել է դաստիարակի ամուսինը:
Այս դեպքից հետո բազմաթիվ այլ կանայք խոստովանել են, որ իրենց ևս նման հերթացուցակներ են տրվել: Նրանցից մեկը՝ 26-ամյա մի աղջիկ, պատմել է, որ ղեկավարությունն իրեն ասել է, որ հղիանալու համար պետք է սպասի մինչև 35 տարեկանը:
Նա նշել է, որ իրենց ընկերությունում աշխատում է 22 կին, որոնցից ամեն մեկի համար հղիանալու ժամանակացույց է կազմվել: Ղեկավարությունը նաև նշել է, որ եսասեր գտնվելու ու հերթից առաջ ընկնելու դեպքում աշխատողների նկատմամբ պատիժ կկիրառվի:
Աղբյուրը հավելում է, որ Ճապոնիան աշխարհում հայտնի է աշխատավայրում չափազանց խիստ կանոնների ու դրանց համար դաժան պատիժների կիրառման համար:
Աղբյուրը՝ tert.am