Երգիչ, դերասան Գոռ Հակոբյանը Tert.am Life-ին տված նախորդ հարցազրույցում խոստացել էր, որ մինչև «Ֆուլ հաուս 2»–ի մեկնարկն ավելի ակտիվ է լինելու որպես երգիչ։ Ապրիլի 6–ին Գոռը հեռուստադիտողներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը:
Երևանի փողոցներում, սրճարանում, ավտոկայանատեղիում, վարսավիրանոցում և ժամանցի կենտրոնում մի ամբողջ օր Գոռն ու իր թիմը նկարահանել են նոր տեսահոլովակը, իսկ Tert.am Life–ը բացառիկ կարգով հետևել է նկարահանումներին ու ֆիքսել հետաքրքիր պահերը։
Գոռի նոր երգը կոչվում է «Ուշ լինի, նուշ լինի»: Երաժշտության հեղինակը կրկին ինքն է, խոսքերը գրել է իր լավ ընկերը՝ Սյուզի Ավդալյանը: Գործիքավորումն և ձայնագրությունը կատարել է երգչի մյուս ընկերը՝ Հով Գրիգորյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է: Այս անգամ երգն աղջիկներին նվիրված չէ:)
«Երգը նվիրված է բոլոր այն տղաներին, որոնց գեղեցիկ սեռն անտեսում է: Տեսահոլովակի բուն սյուժեն կառուցված է մի անհաջողակ տղայի շուրջ: Գլխավոր դերում նկարահանվել է նորահայտ Լևոն Սարգսյանը, ով իրեն վստահված դերը խաղաց բարձր մակարդակով,– ասաց երգիչը, ով տեսահոլովակում ներկայանում է որպես ավելի փորձառու տղա, ով փորձում է օգնել անհաջողակ ընկերոջը։ –Ըստ սյուժեի ես օգնում եմ գլխավոր դերակատարին դառնալ «մաչո»»։
Ի դեպ, տեսահոլովակի հերոսին մարմնավորող Լևոնը վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել էր` որպես Հովհաննես Ազոյանի նմանակ։
Թեև արտասովոր վերնագրին, երգը հումորային չէ, իսկ ահա տեսահոլովակը լսարանին կարող է գրավել իր «թեթև» ու զվարճալի սյուժեով։ «Ինչպես և իմ նախորդ տեսահոլովակը, այն իր մեջ ունի «թեթևություն», հետևաբար այս երգի համար լուրջ սցենարով տեսահոլովակ նկարել չէինք կարող։ Պոզիտիվ լինելուց ու ներկայանալուց լավ բան չկա։)»,– նկատեց դերասանը։
Երգչի տեսահոլովակի նկարահանումներն այս անգամ անցել են առանց լուրջ միջադեպերեի և կոտրվածքների։)
Գոռի նախորդ` «Սիրտդ սրտիս» աշխատանքը բավականին մեծ հաջողություն ունեցավ թե՛ քննարկումների, թե՛ դիտումների քանակի առումով։ Երգչից հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիք ունես այս աշխատանքից։ «Կարծում եմ, որ այս մեկն էլ պիտի լավ արձագանք ունենա։ Երգ գրելիս արդեն զգում եմ` ինչն է «աշխատում», ինչը` ոչ։ 95% դեպքերում կանխատեսումներս արդարանում են»,– նշեց նա։
Աղբյուրը՝ life.tert.am