Life.panorama.am-ի զրուցակիցն է Տարոն Իսպիրյանը, իսկ եթե այս անուն-ազգանունը ոչինչ չհուշեց, ուրեմն շտապենք նշել, որ խոսքը «Վիտամին ակումբից» հայտնի Պոնչի մասին է, ով ամիսներ առաջ Արամ MP3-ի եւ Ֆելիքս Խաչատրյանի «Սկսում ենք» տեսահոլովակում ցնցեց իր անկաշկանդ պարով:
Պոնչն այս շրջանում նկարահանվում է «Ազիզյաններ» սիթքոմի չորրորդ եթերաշրջանում, որն ապրիլի 2-ից եթերում կլինի: Մեզ հետ զրույցում նա խոստովանեց՝ սյուժետային շատ փակագծեր բացել չի կարող, բայց փոխարենը կարող է վստահեցնել՝ նոր եթերաշրջանը ուրախ է լինելու:
«Իմ կերպարի՝ Վիլենի հետ կապված բավականին մեծ զարգացումներ են տեղի ունենում: Նրան վերջապես հաջողվել է գրավել Մարիին եւ նույնիսկ ստանալ ամուսնության համաձայնություն: Սակայն Վիլենի մայիկին Մարին դուր չի գալիս, եւ դա արդեն մեծ հետաքրքրություն է բերում սիթքոմ: Վիլենն էլ ընկել է երկու քարի մեջտեղը, չգիտի մայրիկին լսի, թե իր սրտին: Ամեն ինչ ավելի հետաքրքիր եւ ծիծաղելի է»,- պատմեց Պոնչը:
Խոսելով նկարահանման ընթացքի մասին՝ դերասանը ընդգծեց.
«Այս խմբում աշխատելն ուղղակի հաճույք է եւ սա ասում եմ շատ անկեղծ: Այստեղ ամեն մի նկարահանման օր ուղղակի տոն է: Աշխատում եմ հիանալի մարդկանց հետ՝ սկսած ռեժիսորից, մինեւ ամենաքիչ զբաղվածություն ունեցող մարդը: Շատ կարեւոր է, որ այստեղ ոչ միայն հավաքված են իրենց գործում պրոֆեսիոնալ, այլեւ մարդկային բարձր հատկանիշներով մարդիկ: Հենց դրա շնորհիվ «Ազիզյաններ»-ում իսկական ընտանեկան մթնոլորտ է»:
Առայժմ Պոնչը հիմնականում կենտրոնացած է սիթքոմի վրա, սակայն նշեց, որ առաջիկայում կլինեն նոր նախագծեր, որտեղ նաեւ իր մասնակցությունը կունենա: Նախկինում Պոնչը զբաղվել է նաեւ Stand up ժանրով, սակայն այս պահին այդ իմաստով եւս դադար է վերցրել, եւ միայն որպես հանդսատես է մասնակցում դրանց՝ վայելելով ընկերների ելույթները:
Կարելի է ասել՝ Պոնչը վերջին շրջանում ապրում է իր աստեղային ժամը, նրան սիրում են, հրավիրում տարբեր նախագծերում, տեսահոլովակներում եւ անգամ գովազդային հոլովակներում նկարահանվելու: Նրա կազմվածքն իրեն մեծ հաջողություն է բերում, սակայն հարցիրն, թե որն է իր հաջողության գրավականը, պատասխանեց.
«Այո, կազմվածքս իմ կյանքում մեծ դեր ունի, սակայն, կարծում եմ, որ միայն դա չէ գլխավոր առավելությունս: Ի վերջո, պետք է կարողանաս դերդ կերտել այնպես, որ մարդկանց դուր գա, կարծում եմ՝ այդ իմաստով ինչ-որ չափով ինձ մոտ ստացվել է արժանանալ հեռուստադիտողի համակրանքին: Ինձ թվում է, որ, եթե անգամ նիհարեմ, մարդիկ ինձ միեւնույն է կսիրեն»:
Հարցին, թե երբեւէ գեր լինելու պատճառով բարդույթներ ունեցե՞լ է, կատակելով պատասխանեց.
«Իմ կյանքում ինձ միշտ օգնել է գեր լինելը, սկսած կենցաղային հարցերից: Բարդույթներ չեմ ունեցել եւ դրա համար ուրախ եմ: Կարծում եմ՝ մարդն առաջինը իրեն պետք է սիրի, որ մյուսներն էլ սիրեն: Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում գեր ու նիհար մարդկանց մեջ, ես էլ սովորական մարդ եմ, պարզապես մյուսներից մի քանի կիլոգրամ ավել»:
Իսկ նկատառմանը, թե չի էլ մտածում նիհարելու մասին, հավելեց.
«Մտածում եմ, բայց ուղղակի մտածում եմ, ոչինչ չեմ անում այդ ուղղությամբ»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am