Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը Life.panorama.am-ին պատմել է Երեւանի Կամերային թատրոնի հետ համագործակցության եւ հեռուստանախագծերում չնկարահանվելու պատճառների մասին: Բաբկենը խաղում է Արշալույս Հարությունյանի «Սեւ արկղ» ներկայացման մեջ, որի պրեմիերան կայացավ օրեր առաջ:
«Արշալույսի հետ վաղուց էինք ուզում համատեղ աշխատել, քանի որ այսքան տարիների ընթացքում, իսկ մենք իրար ճանաչում ենք դեռ ուսանողական տարիքից, ոչ մի անգամ առիթ չէր եղել միասին համագործակցել: Իհարկե, համագործակցության միակ պատճառը սա չէր, ռեժիսորը՝ Արշալույսը, այդ կերպարի համար իսկապես հենց ինձ հարմար գտավ, հրավիրեց, ես էլ սիրով ընդունեցի»,-պատմեց Բաբկենը: Խոսելով ներկայացման եւ իր հերոսի մասին՝ դերասանը նշեց. «Ներկայացումը մտածելու տեղիք է տալիս, ինչը մեզ համար շատ կարեւոր է: Ներկայացումը մեր սեւ արկղների՝ հեռախոսների մասին է, ինչն արդեն նշանակում է անձնական տարածք, գաղտնիքներ, որոնք ինչ-որ պահի, ինչ-որ հանգամանքներում կարող է ստիպված լինես կիսել մարդկանց հետ, իսկ հետեւանքները անկանխատեսելի են: Իմ կերպարն էլ բացառություն չէ, նա էլ գաղտնիքներ ունի, բայց, քանի որ ներկայացումն ինքնին գաղտնիքի մասին է, հետեւաբար փակագծեր բացել չեմ ուզում: Ամեն դեպքում թեման միայն մեր հեռախոսներն ու գաղտնիքները չեն, այլեւ հետեւանքները, երբ մենք կարող ենք մենակ մնալ մեր խնդիրների հետ: Ինձ համար շատ կարեւոր է մարդու մենակ մնալու հարցը, հատկապես հիմա, երբ սոց. ցանցերում հազարավոր ընկերներ ունենք, բայց իրականում մենակ ենք»:
Անդրադառնալով դերասանական կազմի հետ աշխատանքին՝ Բաբկենը նկատեց, որ հյուր-դերասանի կարգավիճակով իրեն շատ լավ է զգացել:
«Այստեղ յուրահատուկ ուշադրություն ու ակնածանք կա հրավիրված դերասանների նկատմամբ, ինչը շատ հաճելի է: Մենք մեզ սիրված հյուրեր էինք զգում: Դերասաններից մեծ մասի հետ առաջին անգամն էինք աշխատում, որոնցից միայն հաճույք եմ ստացել: Բոլորն էլ շնորքով, ասելիք ու անելիք ունեցող դերասաններ են, որոնց հետ ես առիթը բաց չէի թողնի աշխատել»,- հավելեց նա:
Հետաքրքրվելով, թե Բաբկեն Չոբանյանին ինչու չենք տեսնում հեռուստանախագծերում, պատասխանեց. «Այս իմաստով հիմա հարաբերական դադար է, որից օգտվում եւ հանգստանում եմ: Գիտեք, կստեմ, եթե ասեմ, որ առաջարկների տարափ է, ես էլ հրաժարվում եմ, սակայն եղած առաջարկներն էլ ինձ չեն գոհացնում, դեռ չկա այն գործը, որտեղ կցանկանամ հոգով-սրտով աշխատել: Ինձ համար շատ կարեւոր է, որ սցենարն ամբողջությամբ պատրաստ լինի, թիմը՝ հնարավորինս պրոֆեսիոնալ, դերասաններն էլ՝ շնորհալի: Իհարկե, ռեժիսորն էլ է շատ կարեւոր. Նա պիտի լինի մարդ, որին կվստահեմ եւ կհավատամ»:
Հեղիակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am