Սոֆյա Պողոսյան. «Նախընտրում եմ ռիսկի դիմել, քան լճանալ»

Երեկ Հանրայինով  մեկնարկեց «Տանդեմ» սիթքոմը, որտեղ հեռուստադիտողները հնարավորություն ունեն Սոֆյա Պողոսյանին տեսնելու բոլորովին այլ ամպլուայում։ Նրա հերոսուհին` Մայրանուշը մոդել է, սակայն այս դեպքում չի օգտագործել մոդելի կարծրատիպային «հիմարիկ» կերպարը։ Սոֆյան Tert.am Life–ին պատմել է նոր աշխատանքի մասին։

«Ինձ ամենից շատ գրավեց այն, որ Մայրանուշը մոդելի ստանդարտ տեսակի մեջ չէ, այլ մոտեցում  կա մասնագիտության հանդեպ։ Թեթև է, բայց ոչ թեթևամիտ։ Շատ եմ սիրել Մայրանուշին»,– ասաց նա ու հավելեց, որ հումորային ժանրում ներկայանալն էլ մեկ այլ առավելություն էր։

Հատկապես հայաստանյան իրականության մեջ, երբ ռեժիսորները նախընտրում են դերասաններին ներկայացնել այն կերպարներում, որոնցում նախկինում արդեն հանդես են եկել, Սոֆյային ուրախացրել է այլընտրանքային մոտեցումը։

«Հայաստանում դերասանին, գրեթե, միշտ տեսնում են նույն կերպարի մեջ և հիմնականում առաջարկում են  առանց պատկերացնելու, որ աշխատանքի արդյունքում կարելի է այլ բան ստանալ։ Խնդիրը, երևի թե, այն է, որ շատ նախագծեր պատրաստվում են կարճ ժամանակում և նախընտրում են վերցնել այն, ինչ  արդեն տեսել են, քան ստանալ նոր կերպար։ Այս կերպարը տարբերվում է մինչև այս խաղացածս բոլոր կերպարներից։ Յուրաքանչյուր դերասանի հետաքրքիր է նոր ժանրում ներկայանալ»,– նկատեց նա։

Թեև սիթքոմի ժանրն անծանոթ էր Սոֆյային, կերպարը կերտելը նրա համար բարդ չի եղել։ Ասում է` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև այս խաղացած բոլոր դերերից Մայրանուշն ամենամոտն է իր իրական տեսակին. «Մարդիկ կարծում են, որ ես իրականում շատ լուրջ և ծանր անձնավորություն եմ, ինչը բացարձակ այդպես չէ։ Ուրախ եմ, որ մարդիկ կտեսնեն իմ իրական տեսակին ավելի մոտ Սոֆյայի։ Ես իրականում շատ թեթև մարդ եմ և նախընտրում եմ հումորով վերաբերել շատ հարցերի։ Իմ խաղացած ծանր դրամատիկ դերերն ավելի դժվար են տրվել ինձ, քան այս կերպարը»։

Հյուսիկներով աղջիկը սիթքոմի ընթացքում չի կերպարանափոխվի, քանի որ օգտագործվել է մուլտֆիլմերի գիծը, երբ հերոսները ամբողջ ընթացքում ներկայանում են միևնույն հագուստով։

Արման Նշանյանի հետ աշխատելու փորձ Սոֆյան նախկինում ունեցել է։  Նա շատ է կարևորում այն հանգամանքը, որ ռեժիսորը դերասան է։ «Ոչ ոք այդպես  չի հասկանա դերասանին, որքան հենց դերասանը։ Հենց սկզբից վստահեցի Արմանին` որպես ռեժիսոր,– ասաց նա ու հավելեց, որ ռեժիսորներին միշտ ասում է իր դիտարկումները,– Իմ բախտը բերել է, որովհետև միշտ աշխատել եմ այնպիսի թիմերում, որտեղ քննարկել, իրար կարծիք ենք լսել և հարգել։ Այստեղ ևս այդպես է»։

Սոֆյան անհամբերությամբ հետևում է լսարանի արձագանքներին. «Ռիսկը շատ մեծ էր։ Մինչև հեռարձակումը որքան էլ աշխատես, չես կարող կանխատեսել, թե եթերում հայտնվելուց հետո նախագիծն  ինչ արձագանքներ կունենա։ Դա ցույց  կտա ժամանակը։ Միշտ կա ռիսկ, սակայն ես նախընտրում եմ գնալ ռիսկի և ներկայանալ նոր կերպարներում, քան տարիներ շարունակ լճանալ նույն կերպարների մեջ»։

Աղբյուրը՝ life.tert.am