Ավստրալական Աթերտոն քաղաքում տեղի է ունեցել ուշագրավ դեպք. կինը Facebook-ում արգելափակել է իրեն անընդհատ ժամադրության հրավիրող տղամարդուն, ինչից հետո սիրահարված տղամարդը ծաղկեփնջեր է ուղարկել քաղաքում գտնվող 18 փաբերի հասցեներով:
Ինչպես նշում է manchestereveningnews.co.uk-ը, տղամարդու նման արտասովոր քայլը բացատրվում է այն հանգամանքով, որ նա հավանած կնոջ մասին միայն մի բան է իմացել. նրա ընտանիքն Աթերտոնում փաբ ունի:
Հետաքրքրական է, որ ուղարկելուց առաջ սիրահարված տղամարդը տեղեկացրել է, որ ծաղիկները նախատեսված են փաբի տիրոջ դստեր համար:
Դժվար չէ պատկերացնել, թե որքան են զարմացել 18 փաբերի տերերը՝ ստանալով ներողություն հայցող երկտողով ծաղեփունջ:
Հետագայում պարզվել է, որ ծաղիկներն ուղղված էին 34-ամյա Լինդսի Մյուրեյ Սապենտյեին, որն էլ պատմել է, որ տղամարդու հետ ծանոթացել է սոցցանցի միջոցով:
«Նա շարունակ ինձ ժամադրության էր հրավիրում, բայց ես անընդհատ մերժում էի: Բանը հասավ նրան, որ ես նրան արգելափակեցի: Հենց դրա համար էլ նա ներողություն էր խնդրում»,-պատմել է Լինդսին:
Հայտնի է, որ նա զանգահարել ու շնորհակալություն է հայտնել անծանոթին՝ այդպես էլ նրան չհանելով արգելափակվածների ցանկից: