Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել գերեվարված 1 անձի

Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել գերեվարված 1 անձի, հայտարարել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Մուրադովը նշել է, որ փետրվարի 9-ին Ադրբեջանի և ՀՀ միջև տեղի ունեցած գերիների հերթական փոխանակման արդյունքում Հայաստան է վերադարձել 5 գերի, Ադրբեջան՝ 1։

«Կատարված աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահներն իմ անձնական վերահսկողությամբ ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել՝ 1, Երևան՝ 5 գերու»,- ասել է Մուրադովը։

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս նպաստելու են եռակողմ հայտարարության կետերի իրականացմանը։ ՀՀ վերադարձած 5 գերուց 4-ը Շիրակից են, 1-ը՝ Մասիսից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամին մերթընդմերթ հարվածներ է հասցրել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքին։ Արդյունքում՝ Ադրբեջանի կողմից օկուպացվել է Արցախի մեծ մասը։

Նոյեմբերի 9-ին հրադադարի եռակողմ հայտարարություն է ստորագրվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ։

Հավելենք, որ վիրավորների, գերիների ու ռազմագերիների մասին պաշտոնական վերջնական տվյալներ չկան։

Իրավաբան.net