Սահմանները գծելուց հետո Սյունիքի Որոտան գյուղի մեկ տուն հայտնվել է Ադրբեջանի տարածքում. տան հինգ բնակիչ մնացել է դրսում

Սյունիքի մարզի Որոտան համայնքի շրջակայքն այսուհետ ադրբեջանական տարածք է։ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ` երեք ժամ առաջ ադրբեջանցիները, ռուս խաղաղապահներն ու ՀՀ սահմանապահ զորքերը գծանշումներ են արել, և GPS համակարգի համաձայն՝ գյուղից մեկ տուն հայտնվել է Ադրբեջանի տարածքում։

Տեղի բնակիչները Tert.am-ին պատմեցին, որ այդ տան տարածքում տեղակայվել են ռուս խաղաղապահները, իսկ տան տերը` կնոջ ու երեք երեխայի հետ ժամանակավոր տեղափոխվել է կնոջ հայրական տուն։ Տանտերը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ տրամադրություն չունի։

Սահմանազատման աշխատանքներին մասնակցողները ռուս խաղաղապահներին խնդրել են, որ բանակցեն, տունը մնա հայկական կողմում, թե ինչ կլինի, դեռ պարզ չէ։

Տանտերերը սահմանազատումից մեկ ժամ առաջ են տեղեկացել, որ ըստ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության՝ իրենց տունը Ադրբեջանինն է, և իրենք հայտնվելու են դրսում։

tert.am