ԱԷԿ-ի 141-օրյա կանգի ընթացքում ռեակտորի թրծումը կայանին կտա անվտանգ շահագործվելու հնարավորություն

2021 թ. նախատեսվում է ավարտին հասցնել հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման նախագծի վերջին փուլի աշխատանքները, ինչը հնարավորություն կտա երկարաձգել կայանի անվտանգ շահագործումը մինչեւ 2026 թ.։

Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը թույլ կտա հաջողությամբ եւ նախատեսված ժամկետներում ավարտին հասցնել ծրագրված աշխատանքները եւ, ինչու ոչ, մտածել նաեւ 2026-ից հետո կայանի շահագործման հնարավորությունների մասին։

Սա հատված է ՀԱԷԿ ՓԲԸ պաշտոնական հաղորդագրությունից: Շարքային ընթերցողին այն կարող է ոչինչ չասել, եւ դա բնական է: Բայց որ կարող է ոչինչ չասել որոշ՝ իրենց էներգետիկ հարցերով «փորձագետներ» համարողերին, հասկանալի չէ: Առավել եւս անհասկանալի է, երբ բարձրաձայնվում է, թե չեն հասկանում՝ ինչու է հաջորդ տարի ատոմակայանը 141 օրով կանգ առնելու: Պատերազմական այս օրերին սա մեր շատ ընթերցողների տարակուսանքն առաջացրեց: Որպեսզի հատկապես այս շրջանում թյուրըմբռնումների տեղիք չտրվի, «ՀՀ»-ն որոշ պարզաբանումներ կներկայացնի:

Տարիներ առաջ, երբ դեռ քննարկվում էր հայկական ատոմակայանի շահագործման երկարացման հարցը, եւ դրա hետ կապված ստուգումներ էին արվում, մեր ատոմային անվտանգության խորհրդի անդամները եւ նրանց թվում՝ արտերկրից տարբեր մասնագետներ, նշում էին, որ մեր ռեակտորի տիպի ռեակտոր ունեցող ատոմակայանների շահագործման երկարացման հաջողված փորձեր կան: Եվ որպեսզի կարողանանք 2026-ից հետո էլ աշխատելու մասին մտածել, անհրաժեշտ է ռեակտորի թրծում:

Կարիք չկա բացատրելու, թե սա մեր երկրի համար ինչ կենսական նշանակության հարց է: Մանավանդ այս օրերին դժվար չէ գիտակցել թե՛ աշխարհաքաղաքական գործոնը, թե՛ տնտեսական ու էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Այնպես որ, հաջորդ տարվա 141 օրվա կանգն անհրաժեշտ է ռեակտորի հետ կապված ստուգումների, միանգամից թրծման եւ կրկին ստուգումների համար:

Ի դեպ՝ ի գիտություն ներքին եւ արտաքին լսարանների: Այս ամենը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության թույլտվությամբ է:

Մեր ԱԷԿ-ը հաջողությամբ համագործակցում է միջազգային գործընկերների հետ: Նույնիսկ համավարակի օրերին ոչ մի աշխատանք չի կասեցվել: Այս տարի պլանային նախազգուշական վերանորոգումների (ՊՆՎ) ընթացքում ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները հարցրել են՝ թրծում անելու՞ ենք, թե՞ ոչ: Մեր դրական պատասխանը ոչ մի խնդիր չի առաջացրել: Մասնագետները, մեր կայանի իրական վիճակը գնահատելով, դրական են արձագանքել: Մենք էլ հաջորդ տարվա վերանորոգմանն արդեն այս տարվանից ենք սկսել նախապատրաստվել: Ռեակտորի թրծման կայանքն այս սեպտեմբերին էր ատոմակայան հասցվել:

ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը «ՀՀ»-ի հետ զրուցում ասաց, որ 2021 թ. ՊՆՎ ընթացքում այդ 141 օրում կատարվելու են ռեակտորի իրանի թրծման աշխատանքներ: «Դա ժամանակատար եւ տեխնոլոգիապես բարդ աշխատանք է: Հիմնական գործն արվելու է ռուսական մի քանի ընկերությունների կողմից: Իսկ մինչ թրծումն ու թրծումից հետո ստուգումն անելու է չեխական ընկերություն»,- ասաց Մ. Վարդանյանը:

Մասնագիտական հարթակը հուշում է, որ ռեակտորի թրծումը շահագործման ընթացքում մշտական ռադիացիոն ճառագայթման ազդեցությունից փոփոխվող ռեակտորի իրանի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունները վերականգնելու ամենաարդյունավետ միջոցն է։ Թրծման կայանքի օգնությամբ ռեակտորի իրանը տաքացվում է մինչեւ որոշակի ջերմաստիճան ու պահվում այդ ջերմաստիճանով մի քանի օր, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Մետաղի կառուցվածքը վերականգնում է իր հատկությունները, ինչն ավելացնում է դրա շահագործման ժամկետը։

Եթե փորձենք ավելի մատչելի ներկայացնել, ապա, ըստ Մ. Վարդանյանի, ռեակտորը լրիվ դատարկվելու է միջուկային վառելիքից եւ ներքին բոլոր սարքավորումներից, որից հետո մետաղը տաքացվելու է, պահվելու է այդ ջերմաստիճանով, հետո սառեցվելու է: Թրծումից առաջ եւ հետո մետաղը ստուգվելու է: Թրծումը վերականգնելու է մետաղի հատկությունները, ինչն էլ թույլ է տալու երկարացնել կյանքը:

Այսինքն՝ սա մի համալիր գիտատար աշխատանք է: Անհրաժեշտ ամեն սարք ու սարքավորում կա, համապատասխան պայմանագրերը կնքված են: Կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու առիթով նախագծի ռուսական կողմի ղեկավարը նշել է, որ ամբողջական այս աշխատանքը կայանի անվտանգ շահագործումը շարունակելու հնարավորություն է տալու:

Իբրեւ հավելյալ տեղեկություն նշենք, որ թրծման գործողությունն իրականացնելու են «Ռոսատոմի» մի քանի կազմակերպություններ, որոնցից ամեն մեկը պատասխանատու է աշխատանքի իր բաժնի համար: Տեխնոլոգիան մշակել եւ համապատասխան հաշվարկներ են արել «Կուրչատովի ինստիտուտ» հետազոտական կենտրոնը, «Գիդրոպրեսս» կոնստրուկտորական բյուրոն եւ «Պրոմոթեյ» կոնստրուկցիոն մետաղների ԿԳՀԻ-ն: Աշխատանքներն անելու է «Ատոմէներգոռեմոնտը»: Վերականգնողական թրծումների օրինակներ կան Ռուսաստանում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում: «Ռոսատոմն» աշխարհում միակ ընկերությունն է, որն իրավասություններ ունի միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: Հայկական ԱԷԿ-ը Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, եւ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծն է: Հայաստանն էներգաբլոկի վերագործարկումից հետո այս տարիներին ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ է կուտակել։ Մենք պետք է շարունակենք ատոմային մեր դպրոցի զարգացումը, քանզի միջուկային էներգետիկան մեզ համար այլընտրանք չունի:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

blog/168.am