Հայաստանը ետ է կանչում Իսրայելում իր դեսպանին

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության թեմային, հայտարարեց, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ ԱԳՆ-ն վերջին անգամ հստակ արտահայտվել է հուլիսին ԱԳ նախարարի մակարդակով, հարցը մշտապես եղել է երկկողմ օրակարգում:

«Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է: Մենք մեր իսրայելցի գործընկերներին բազմիցս հայտնել ենք այդ մասին: Այն հատկապես ցավալի է այս ընթացքում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում Հայաստանի ու Արցախի դեմ:

Այս օրերին միջազգային ողջ հանրությունը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները, իսկ իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումն Ադրբեջանին: Իսրայելի այս գործելաոճը մեզ համար անընդունելի է: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով ետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին»,-ասաց նա:

analitik.am