Տավուշում հուլիսյան դեպքերը ցույց տվեցին ուժի դիմելու ադրբեջանական սցենարի անհեռանկար լինելը. Անդրեյ Արեշև

Kavkazoved.info կայքի խմբագիր, քաղաքագետ Անդրեյ Արեշևի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծամասշտաբ պատերազմը Մոսկվայի համար ամենավատ սցենարն է՝ ներքաղաքական խնդիրների, արտաքին քաղաքական մարտահրավերների ֆոնին:

Նա Tert.am -ի հետ զրույցում նշեց, որ այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր ջանքերը, ինչպես հրապարակային, այնպես էլ  ոչ ֆորմալ հարթակներում, որ իրավիճակը հանդարտվի:

«Այլ հարց է, որ Ռուսաստանը չի տիրապետում էքսկլյուզիվ հնարավորությունների Կովկասում, կան նաև Թուրքիան և այլ խաղացողներ, որոնք հետապնդում են իրենց շահերն այստեղ: Պատահական չէ արևմտյան ԶԼՄ-ների այսքան մեծ  հետաքրքրությունը հակամարտության նկատմամբ»,- ասաց նա:

Միտքը, որ Ռուսաստանին կարող է ձեռնտու լինել լարվածությունը, ըստ Արեշևի, աբսուրդ է, և տարօրինակ է, որ Հայաստանում նման դիսկուրս կա:

«Տավուշում իրավիճակի լարման նախաձեռնողը, իմ կարծիքով, ակնհայտ է: Դա Ղարաբաղյան հիմնախնդրի այն կողմն է, որը իրեն պարտված է համարում և անում է ամեն ինչ Երևանի, Ստեփանակերտի վրա և որտեղ որ հնարավոր է ճնշում գործադրելու համար: Այլ հարց է, որ հաշվարկները չեն արդարացվել»,- ասաց նա՝  նշելով, որ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին ուժի դիմելու սցենարի անհեռանկար լինելը:

Նա, այս համատեքստում անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին և դրան անդամակցության արդյունավետությանը, նշեց, որ կառույցին անդամակցելը կարևոր հանգամանք է տարածաշրջանում ուժային բալանս պահելու համար:

«Այստեղ կարևորը ուշադրություն դարձնելն է  ոչ թե հրապարակային հայտարարություններին, որոնք ստեղծում են ինֆորմացիոն աղմուկ, այլ գործնական կողմին, օրինակ՝ ռազմատեխնոլոգիական համագործակցությանը, որը նպաստել է Հայաստանի ռազմարդյունաբերական համակարգի զարգացմանը»,-ասաց նա:

tert.am