Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեև առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ՀՀ-ում, ցավոք, շարունակում է մնալ ծանր: Թեև կարող ենք ասել, որ մենք ունենք բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի: Եվ մեր միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու մեջ է՝ հնարավորինս համատարած և ՀՀ բոլոր բնակիչների կողմից: Եվ մենք շարունակում ենք լայնորեն քարոզչություն իրականացնել, իրազեկման աշխատանքներ տանել, որպեսզի մեր հայրենակիցները պահպանեն երեք պարզ հակահամաճարակային կանոնները»,- ասաց Փաշինյանը:
Նա արձանագրեց, որ այն խնդիրը, որ դրել էին, լուծվում է, և դիմակների գները շուկայում ընկնում են: Եվ դրանք ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի:
Հաջորդ ուղղությունը, որով կառավարությունը առաջ է շարժվում՝ առողջապահական կարողությունների զարգացումն է, որպեսզի հնարավորինս բարձրորակ ծառայություններ մատուցվեն կորոնավիրուսով վարակվածներին: Վարչապետը նաև հիշեցրեց, որ Հայաստանը բավականին մեծ թվով թթվածնային սարքեր է ձեռք բերել՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: