Թանգարան-ինստիտուտը կոչ է անում ապրիլի 24-ին կիրառել «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսով շրջանակ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը «ֆեյսբուք»-ի օգտատերերին հորդորել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, նախկինում առաջարկած «ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ» գրությամբ շրջանակի փոխարեն կիրառել «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսով շրջանակը։

Թանգարան-ինստիտուտն այս մասին հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ» դիմումում հստակ նշված է. «Վաղուց արդեն Հայոց ցեղասպանությունը դուրս է եկել էթնիկական հիշողության, այն է՝ լոկ հայերի նկատմամբ գործած հանցագործության, զուտ հայկական ողբերգության սահմաններից. այն համամարդկային ողբերգություն է, մարդկության դեմ գործած ամենամեծ չարիքներից մեկը։ Չարիք, որի միջազգային ճանաչման ու դատապարտման, նաև հետևանքների վերացման հարցը արդարության համար պայքարի ծիրում է»։

Դրանից մի քանի օր անց հրապարակված ՀՑԹԻ-ի արձագանքի մեջ շեշտվել է, որ «100-ամյակին ընդունված Հռչակագիրն ու «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսը մեր ինքնության, պատմության, պայքարի անքակտելի մասն են»:

Եվս երկու օր անց ՀՑԹԻ-ի պարզաբանման մեջ գրված է, որ հանրությանը ներկայացված առաջարկում. «Որևիցե քաղաքական նպատակ չի հետապնդվել…։ Պահանջատիրությունը ինչպես կար, այնպես էլ շարունակում է ու կշարունակի մնալ մեր բոլորիս պայքարի առանցքում, քանի որ այն մեր ինքնության անքակտելի մասն է կազմում»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջարկի մեջ՝ դիմատետրում օգտատերերի լուսանկարի փոփոխված տարբերակում հուշային շրջանակի վրա գրել «Հիշում եմ» բառակապակցությունը՝ հանրության որոշ շրջանակների մեջ թյուր տպավորություն է ստեղծել քաղաքական գծի փոփոխության մասին, թանգարան-ինստիտուտը որոշել է խուսափել հնարավոր շահարկումներից, փարատել հայրենակիցների անհանգստությունները և փոխել հուշային շրջանակի գրությունը՝ որպես ձևակերպում օգտագործելով 2015 թվականին ընդունված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում» առաջ քաշված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը: «Մեր հիմնական առաջարկն ու խնդրանքը մեր հայրենակիցներին շարունակում է մնալ նույնը՝ կիսվել Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների լուսանկարներով ու պատմություններով դիմատետրի էջերում»,-ասվում է հաղորդագրությունում:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 7-ին կոչով դիմել էր Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին ու նրա բարեկամներին՝ հորդորելով ապրիլի 24-ին «ֆեյսբուք»-ում իրենց՝ օգտատերերի լուսանկարները փոխարինել հատուկ այդ նպատակով ստեղծված հուշային շրջանակի մեջ առնված իրենց հարազատների՝ զոհ կամ վերապրող՝ լուսանկարներով, դրա բացակայության պարագայում՝ անուն-ազգանունով, նաև մի փոքր պատմությամբ նրա կամ նրանց մասին։

Թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրությունում ասվում էր. «Եթե չկան զոհ կամ վերապրող հարազատներ, ապա տեղադրեք Ցեղասպանության զոհ արևմտահայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդայիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները։ Դրեք արևմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարները, կիսվեք Արևմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եվ ընդամենը մեկ պարզ գրությամբ՝ ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ»:

168.am