Երրորդ երկրներից կարտոֆիլի, սոխի, գազարի և այլ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ այդ թվում Հայաստանի համար երրորդ երկրներից մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես կզորայացվեն:

Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ապրիլի 3-ին ընդունել է որոշում, որը կհրապարկվի շուտով: Մի շարք զգայուն ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն: Որոշումն տարածվում է ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա, կգործի մինչև հունիսի 30-ը ներառյալ: Խոսքը կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և մի շարք այլ ապրանքատեսակների մասին է, որոնց ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով»,-ասաց Սիմոնյանը:

Նա նկատեց՝ դա այն միջոցառումներից մեկն է, որը ԵԱՏՄ անդամ երկրները կիրառում են, որ եթե հետագայում որոշ ապրանքատեսակների ծավալի մասով լինեն որոշակի դժվարություններ, 3-րդ երկրներից ավելի նվազ, իջեցված գներով ներմուծում իրականացվի:

Փոխնախարարը հիշեցրեց նաև, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մարտի 16-ին որոշում է կայացրել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ևս զրոյացվեն: Ապրիլի 3-ին խորհրդի նիստում այդ որոշման մեջ փոփոխություն է կատարվել և ցանկն ընդկայնվել է: Ցանկում են բժշկական նշանակության ապրանքներ, դեղորայքի արտադրությունում կիրառվող նյութեր: Ցանկն արդեն հասանելի է ԵԱՏՀ-ի կայք-էջում: Կառավարությունն ապրիլի 4-ին հաստատել է եզրակացություն ստանալու կարգը:

Տնտեսավարողը այդ ապրանքատեսակները ներմուծելու դեպքում դիմում-հայտ է ներկայացնում Առողջապահության նախարարություն: Դրական եզրակացություն ստանալու պարագայում դրանք ներմուծվում են զրոյական մաքսատուրքերով:  Այս հնարավորության ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, սկիզբ է առնում մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

168.am