Էջմիածնի քաղաքապետարանը խանութներին և հանրային սննդի կետերին բժշկական սպիրտ և քլոր կտրամադրի

Էջմիածնի քաղաքապետարանը մարտի 16-ից հանրային սննդի կետերում, ինչպես նաև մթերային և բանջարեղենային խանութներում բաժանելու է բժշկական սպիրտ ու քլոր։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։«Էջմիածնում փողոցներն ու մայթերն արդեն մի քանի օր է ախտահանվում են քլորաջրով և երեկ էլ ձեռք ենք բերել քլորի մեծ քանակություն։ Քաղաքապետարանը մթերել է նաև մեծ քանակությամբ բժշկական սպիրտ, քանի որ մասնագետները պնդում են, որ այն արդյունավետ ազդեցություն ունի նոր տիպի կորոնավիրուսի կանխման համար։ Դրանցով հնարավոր կլինի մաքրել օրինակ դռների, պատուհանների բռնակները»,- ասաց Գասպարյանը։Նրա խոսքով՝ մարտի 16-ից Էջմիածնի քաղաքապետարանը նախատեսում է հանրային սննդի կետերում, ինչպես նաև մթերային և բանջարեղենային խանութներում բաժանել բժշկական սպիրտ ու քլոր։«Բժշկական սպիրտն ու քլորը բաժանվելու են և քաղաքի կենտրոնում, և ծայրամասերում գործունեություն ծավալող տնտեսավարողներին։ Մենք հետևելու ենք, որպեսզի այդ տարածքները հավուր պատշաճի ախտահանվեն»,- նշեց Էջմիածնի քաղաքապետը։Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 30 մարդ։ Առաջին հիվանդը ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցից։ Կորոնավիրուսով վարակվածների թվում գերակշռում են Էջմիածնի բնակիչները, քանի որ Իտալիայից վերադարձած և վարակված մի կին մասնակցություն էր ունեցել նշանադրության արարողության ու սերտ շփում ունեցել մեծ թվով մարդկանց հետ։

168.am