Ճանապարհորդությունների կայքը Հայաստանը ցանկալի ուղղությունների մեջ առաջինն է ներկայացրել

Միշտ հաճելի է քննարկել այն վայրերի ցանկը, որոնք կարելի է այցելել Նոր տարվա օրերին: 2020-ի համար ամենացանկալի վայրերի ցանկը որոշելու համար, դիմում ենք շատ ճանապարհորդող մեր ծանոթներին, ուսումնասիրում համացանցը:

Ճանապարհորդություններին նվիրված cntraveler.com-ն այցելության արժանի երկրների ցանկում առաջինը նշել է Հայաստանը:

Կայքը նշել է, որ Հայաստանը հաջորդ տարի լինելու է ամենաքննարկվող նպատակակետերից մեկը, և դա պայմանավորված չէ միայն Քիմ Քարդաշյանի կանոնավոր այցերով: Ryanair-ը, որպես երկրի հետ աշխատող առաջին լոու քոստեր, կսկսի թռիչքներ կատարել դեպի Հայաստան 2020 թվականից՝  ազդարարելով ճանապարհորդությունների նոր դարաշրջանի մասին: Հունվարին կմեկնարկեն Հռոմից և Միլանից Երևան թռիչքները, որին կհաջորդեն Մեմմինգենից Գյումրի, և Բեռլինից Երևան թռիչքները:
Կայքը նշում է, որ առաջին անգամ այցելողները կարող են ժամանակ անցկացնել Երևանում՝ Հայաստանի «վարդագույն» մայրաքաղաքում: Հյուրանոց մուտք գործելուց առաջ անհրաժեշտ է տեսնել գլխավոր տեսարժան վայրերը, ինչպիսիք են Հանրապետության հրապարակը, Կասկադը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ նվիրված 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Այնուհետև կարելի է ժամանակ անցկացնել Ամիրյան փողոցում կամ Մաշտոցի պողոտայում գտնվող ցանկացած բացօթյա սրճարանում, որտեղ մարդիկ հավաքվում են մայրամուտից հետո:

Մայրաքաղաքից դուրս կայքը խորհուրդ է տալիս այցելել եկեղեցիներ՝ Խոր Վիրապ, Նորավանք, Գեղարդ և Գառնիի հին հեթանոսական գեղատեսիլ տաճար: Բայց Հայաստանի գլխավոր ճարտարապետական ​​զարդը համարվում է Էջմիածինը՝ աշխարհի ամենահին տաճարը, որն օծվել է 303 թ. և Վատիկանի հայկական համարժեքն է:

shantnews.am