ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Ջերմուկ քաղաքի շենքերի բնակարաններով եւ զրուցում բնակիչների հետ:Բնակարաններից մեկը բնակչուհին նշեց, որ բացասաբար է տրամադրված Ամուլսարի հանքի շահագործման հարցում. «Ջերմուկը պետք է մնա որպես առողջարան: Ես չեմ կարծում, որ հանքն անվտանգ է: Ես չեմ կարծում, որ հանգստավայրի կողքին պետք է հանք շահագործվի»,-ասաց նա:
ԱՄՆ-ից մշտական բնակության վերադարձած Գոհար Հունանյանն էլ նշեց, որ եկել է մշտական բնակության, բնակարան է գնել Ջերմուկում, բայց մեկ պայմանով կմնա, եթե Ամուլսարի հանքը չբացվի. «Ես էկոլոգիապես մաքուր տեղ եմ եկել, որ ապրեմ: Շատ ընկերներ ունեմ, որ շատ են ուզում գալ Հայաստան, բայց ես անկարող եմ հիմա նրանց ասել, որ գան: Հարցնում են՝ ինչպե՞ս է վիճակը էդտեղ, ես էլ պատասխանում եմ՝ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ Հայաստանը գոնե կմնա էկոլոգիապես մաքուր երկիրը: 27 տարի Ամերիկայում ապրելով չեմ ուզենա գալ մի տեղ, որտեղ բնությունն էլի պիտի ապականվի»,-ասաց կինը:Փաշինյանը արձագանքեց, որ ամենակարեւոր հարցն այն է, թե արդյոք հանքը այդ վնասները հասցնելու է, թե ոչ. «Կոմպետենտ մարդուն բերում ենք, հետո ասում են՝ սա էնքան էլ կոմպետենտ չէր, ավելի կոմպետենտին բերեք: Հետո աբվելի կոմպետենտին ենք բերում, ասում են՝ չէ, սա էլ էդքան կոնպետենտ չի»:Վարչապետը նշեց, որ իրենց նախընտրական ծրագրում գրված է, որ Հայաստանում պետք է կիրառվի էկոհայաստանի համակարգը: Հիմա եթե հանքը աշխատեց, այն պետք է ոչ մի ազդեցություն չունենա ոչ օդի, ոչ ջրի, ոչ հողի, ոչ աղմուկի աստիճանի վրա: Արդյոք դա հնարավոր է: Հիմա Ամուլսարն արդեն այն սարը չի, որովհետեւ մինչեւ հեղափոխությունն այնտեղ 400 մլն դոլարի աշխատանք է արվել: Հիմա մենք ի՞նչ խնդիր ենք դնում. Խնդիր ենք դնում, որ այդտեղից 10 միավոր աղտոտված ջուր արտանետվի բնություն ու մենք խնդիր ենք դնում, որ 10-ի փոխարեն լինի երկու կամ մե՞կ: Մասնագետներն ինձ ասում են՝ ոչ, մենք խնդիր ենք դնում, որ պետք է լինի զրո: Պետք է իրականացվի ամենօրյա մոնիտորինգ: Այդ խումբը դիմացի սարից խոտ է վերցնելու եւ հետազոտի: Եթե պարզվի, որ խոտի վրա նստած փոշին ավելին է, քան պետք է լինի միջազգային ստանդարտներով, ուրեմն 90 օր է տրվում այդ խնդիրը վերացնելու համար: Եթե չի վերացվում, հանքը փակվում է բոլոր օրինական հիմունքներով»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ եթե իր վարչապետության սկզբին Ամուլսարի հանքի առաջարկը գոնե նախնական փուլում լիներ, իր դիրքորոշումը հստակ կլիներ»,-հայտարարեց Փաշինյանը:Վարչապետը նշեց, որ երբ ասում են՝ Ամուլսարը սար է մնալու, Ամուլսարը հիմա էլ արդեն սար չի, որովհետեւ 400 մլն դոլարի արդեն քանդել են. «ՀՀ կառավարությունն արտոնել է ընկերությանը, որ գան այստեղ 400 կամ 600 մլն դոլարի փող ծախսեն, որից 400 մլն դոլար արդեն ծախսված է: Եթե պարզվի, որ իրենց գործունեությունն օրինական է, շրջակա միջավայրի համար անվտանգ է, եթե այդ մարդիկ այդ 400 մլն դոլարն արել են օրինական ճանապարհով, հիմա խի՞ չեք թողնում աշխատել: Միջազգային հանրության կամ պոտենցիալ ներդրողի համար նախկին ու ներկա կառավարություն չկա: Ես դեռ նախորդ տարի հայտարարել եմ, որ մենք այս հարցում պետք է որոշում կայացնենք՝ հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահը:Հիմա եթե պարզվի, որ չկան երաշխիքներ, որ Ջերմուկի օդը, ջուրը նույնքան մաքուր են լինելու, որքան առաջ, աղմուկի ֆոնը լինելու այնքան, որքան առաջ, կամ ավելի ճիշտ միջազգային ստանդարտների շրջանակում, ապա ինձ համար միանշանակ է, որ հանքի չի կարող շահագործվել: Ես Ամուլսարի հարցում չունեմ տնտեսական շահ, չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը որ ունեմ, Հայաստանի հավասարակշռված շահն է»: