«Բոլոր հարցերը լուծվող են». շվեյցարացի միլիոնատերը Հայաստանում կարտադրի իր ուզած ոսկին

Նախատեսված պլանի համաձայն` աֆինաժային գործարանի շինարարությունը կմեկնարկի հոկտեմբերին և կտևի 6 ամիս։ Դրանից հետո Հայաստանը կսկսի բանկային ձուլակտորներ թողարկել։

Շվեյցարիացի միլիոնատեր Վարդան Սիրմաքեշը մտադիր է մինչև վերջ հասցնել Հայաստանում մաքուր ոսկի արտադրելու՝ իր նախագիծը։ Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։Սիրմաքեշը հայազգի ոսկերիչ և գործարար է, Franck Muller շվեյցարական ժամացույցների ընկերության համահիմնադիրը։ Հինգ տարի առաջ նա ցանկություն հայտնեց Հայաստանում բանկային ոսկու ձուլակտորների գործարան կառուցել և հուշագիր ստորագրեց Հայաստանի Կենտրոնական բանկի հետ։ Բոլոր այս տարիների ընթացքում նա բանակցություններ է վարել սարքավորումների մատակարարների և հավաստագիր տրամադրող միջազգային ընկերությունների հետ։ Իսկ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերելն այդքան էլ հեշտ չէ։

Ոսկու ձուլակտորների ձուլումը գրեթե նույնն է, ինչ դոլար կամ եվրո տպելը։ Դա նշանակում է վճարային միջոց թողարկել, որը կընդունեն ամբողջ ֆինանսական աշխարհում. Լոնդոնի, Չիկագոյի կամ Տոկիոյի բորսաներում, ներդրումային ֆոնդերում, տարբեր երկրների կենտրոնական և կոմերցիոն բանկերում։ Որպեսզի նրանք ճանաչեն, որ ձուլակտորները 999.9 հարգի են, արտադրությունը պետք է միջազգային հավաստագիր ստանա։ Ամենահեղինակավոր եզրակացություններն այդ ոլորտում տրամադրում են Լոնդոնում (LBMA ընկերությունը), ինչպես նաև Չիկագոյի (CME), Դուբայի (DMCC) և Տոկիոյի (TOCOM) բորսաներում։Սիրմաքեշի մենեջերները երկար ժամանակ բանակցություններ էին վարում Լոնդոնում։ Վերջապես նա որոշեց. եթե հանկարծ պայմանավորվել չհաջողվի, որևէ սարսափելի բան տեղի չի ունենա։ Հայաստանը, միևնույնն է, թողարկելու է ոսկու ձուլակտորներ, բայց արդեն սեփական կնիքով։«Եթե հավաստագիր լինի` շատ լավ։ Սակայն մենք որոշեցինք չկենտրոնանալ այդ հարցի վրա և դրա պատճառով գործարանի շինարարությունը չհետաձգել։ Անհրաժեշտության դեպքում մենք ինքներս կարող ենք լաբորատորիա ստեղծել հավաստագրման համար։ Մենք այնտեղ կներդնենք լավագույն տեխնոլոգիաները և մասնագետների կներգրավենք Շվեյցարիայից։ Իսկ իրենց աշխատանքի հստակությունը հայտնի է ամբողջ աշխարհում, այդ պատճառով նման լաբորատորիան առանց դժվարության միջազգային հավատարմագրում կստանա»,-ավելացրեց Սիրմաքեշը։Հայաստանում մեկ տարվա ընթացքում շուրջ 3 տոննա ոսկի է արդյունահանվում (արդյունահանած հանքաքարից մաքուր մետաղ ստանալու հաշվարկով)։ Չենք կարող ասել, որ հումքի նման ծավալների պարագայում գործարանը կկարողանա աշխատել շահույթով կամ գոնե առանց կորստի (այդպես էին նախկինում նշում ոլորտի ներկայացուցիչները)։ Այնուամենայնիվ, Սիրմաքեշը նշեց՝ հումք կարելի է ներմուծել նաև այլ երկրներից` օրինակ՝ հարևան Վրաստանից կամ նույնիսկ Աֆրիկայից։ Պատրաստի ապրանքը (ոսկու ձուլակտորները) չափերով այնքան փոքր է, որ դրա տեղափոխումը համաշխարհային շուկաներ զգալի ծախսեր չի պահանջի։

Ոսկու աֆինաժի (մաքրման, զտման) ժամանակ մի շարք քիմիական ռեակտիվներ են օգտագործվում։ Այդ պատճառով էլ, որպեսզի գործարանը շրջակա միջավայրի համար ռիսկեր չստեղծի, նրա համար բնապահպանական գնահատական կկազմեն շվեյցարական ընկերությունները։ Նրանց հետ ևս բանակցություններ են ընթանում։Վերջապես լուծվել է նաև սարքավորումների մատակարարման հարցը. բանակցություններն այդ ուղղությամբ տարվել են իտալական ընկերությունների հետ։Այդ ամենից հետո մնում է միայն գործարանի շենքը կառուցել։ Իսկ դա արդեն, Սիրմաքեշի խոսքով, այնքան էլ դժվար չէ։ Նա փորձ ունի. գործընկերոջ` Ֆրանկ Մյուլերի հետ, Ժնևից քիչ հեռու, կառուցել և բազմիցս ընդլայնել են ժամացույցների արտադրության՝ իրենց արհեստանոցները։«Այժմ մենք բանակցում ենք գործարանի համար երկու հնարավոր տարածքների մասին։ Այսպես թե այնպես, մենք մտադիր ենք շինարարությունը սկսել հոկտեմբերին, իսկ ավարտել այն՝ սկսելուց 6 ամիս անց։ Կարևորը որակյալ ապրանք ունենալն է, իսկ մենք այն կունենանք։ Հետևաբար, բոլոր մյուս հարցերը լուծվող են»,- ավելացրեց Սիրմաքեշը։

Նշենք, որ Հայաստանն այսօր ոչ թե մաքուր ոսկի է արտահանում, այլ ոսկու և արծաթի Դորե համաձուլվածքներ, որոնք վերջնական մաքրում են անցնում արտերկրում։ Հայաստանում ոսկու արդյունահանման համար արտոնագիր է գործում 18 հանքավայրերում, որոնցից 6-7-ը համեմատաբար խոշորներն են։ Ամենախոշորը Սոթքի ոսկու հանքավայրն է (գործում է), մեծությամբ երկրորդը` Ամուլսարինը (չի գործում)։ Հայաստանում ոսկու ընդհանուր պահուստները (ուսումնասիրված և նախնական գնահատված) շուրջ 400 տոննա են։