Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է օժանդակել նրանց կաշառքի դիմաց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի ընդունվելու հարցում։ Գործելով միասնական դիտավորությամբ՝ 2018 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում վերոնշյալ և այլ պատրվակներով նրանցից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.104.632 դրամ գումար, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 1 անձի առաջադրվել է մեղադրանք: ՍԶ ծառայողը կալանավորվել է։
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զարտուղի ճանապարհներով ԱԱԾ համակարգ ընդունվելու փորձերից: Նմանատիպ դեպքերից տուժած քաղաքացիները կարող են զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 563515։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: