340 կգ կշռող 51-ամյա ամերիկուհին ազատվել է 270 կգ ավելորդ քաշից

ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Ֆեյթվիլ քաղաքի 51-ամյա բնակչուհի Միլի Քլարքը նիհարել է շուրջ հինգ անգամ՝ կորցնելով 270 կգ: Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, կինն ավելորդ քաշ է ունեցել մանկուց և ամուսնացել է՝ կշռելով ավելի քան 180 կգ: Ավելի ուշ հղիանալուց ու մայրանալուց հետո նրա քաշն ավելացել է՝ գերազանցելով 220 կգ-ը:

Կնոջ վիճակն էլ ավելի է վատթարացել, երբ նրա ոտքին լիմֆեդեմա է առաջացել: Հսկայական այտուցը կշռում էր 20 կգ՝ խանգարելով կնոջը քայլել: Արդյունքում նա գրեթե կորցրել է շարժունակությունն, ինչը նույնպես նպաստել է քաշի ավելացմանը

«Ես ավելի քան երկու տարի փակված էի չորս պատի մեջ: Այդ ընթացքում ես ոչ մի անգամ անկողնուց չեմ բարձրացել: Ես միայն կարող էի ուտել ու քնել», – պատմում է հինգ երեխաների մայրը:

Կնոջ երեխաներն ամեն օր վաղ էին արթնանում ու օգնում մորը կանգնել ու լվացվել, սակայն այդպես այլևս չէր կարող շարունակվել, ուստի Քլարքը դիմել է մասնագետների օգնությանը:

Երեք տարի առաջ կնոջը համաձայնվել է օգնել հանրահայտ բարիատրիկ վիրաբույժ Յունան Նովզարադանը, սակայն պայմանով, որ նախ նա ինքնուրույն կազատվի 45 կգ ավելորդ քաշից: Միլան կատարել է բժշկի պահանջը, որից հետո նրան վիրահատել են ու հեռացրել լիմֆեդեման: Վիրահատությունից հետո կնոջ քաշը նվազել էր, սակայն այնուամենայնիվ շարունակում էր նորմայից չափազանց բարձր մնալ:

Հաջորդ երեք տարում Քլարքը վիրահատվել է ևս մի քանի անգամ: Բժիշկներն իրականացրել են բարիատրիկ վիրահատություն, հեռացրել են ավելորդ մաշկը և տեղադրել ծնկահոդի պրոթեզներ: Արդյունքում 340 կգ կշռող կինն ազատվել է 270 կգ ավելորդ քաշից և այժմ կշռում է ընդամենը 70 կգ:

Աղբյուրը՝ tert.am