Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին եւ Նազենի Ղարիբյանին

Ալեքսանդր Սպենդիրյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Առաջին վարչական հայցով Օրբելյանը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019 թվականի հունվարի 14–ի վարչապետի որոշումը:

Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին: Որպես երրորդ անձ է ներգրավվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ –ը։

Իսկ քաղաքացիական հայցով ընդդեմ Նազենի Ղարիբյանի՝ պահանջում է  2019 թվականի մարտի 3–ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրաման»-ն անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել:

Գործը մակագրվել է քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի՝ նա չի կարող միաժամանակ զբաղեցնել թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Ղարիբյանի կողմից հրամանը ստորագրելու հաջորդ օրը Օպերային թատրոնի անձնակազմը բողոքի ցույց արեց, որից հետո նրանց հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դեռեւս 1.5 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո օպերային թատրոնը 12 էջի սահմանում իր հակափաստարկներն էր ներկայացրել վարչապետին՝ հիմնավորելով բոլոր իրավական հիմքերը Օրբելյանի գործուղումների, նրան վերագրվող ֆինանսական կորուստների եւ մի շարք այլ հարցերի առնչությամբ։ Նիկոլ Փաշինյանից որեւէ արձագանք չստանալով՝ Օրբելյանը դիմել է դատարան:

armtimes.com