Կողմնակալ քննություն է տարվում. Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում

Քոչարյանը քննադատեց Մարտի 1-ի գործով նախաքննական մարմնի կատարած քննության որակը` նշելով, որ վկաները պետք է հարցաքննվեն նաև դատարանում։

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ելույթ ունեցավ դատական նիստում` իր կալանքի հարցի նպատակահարմարության քննարկման ժամանակ։

«Գիտակցված, կողմնակալ, մտածված քննություն է տարվում։ Հարգելի՛ դատարան, քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով։ Սա է գործի էությունը»,– ասաց Քոչարյանը` խոսելով մասնավորապես նախաքննության ընթացքի վերաբերյալ իր դիրքորոշման մասին։

«Մարդիկ հարցաքննվում են, երբ հարցաքննության ժամանակ տեսնում են` իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն», – ասաց Քոչարյանը:

Երկրորդ նախագահն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի` քրեական գործի շրջանակում հարցաքննված երկու դատավորներին` նշելով, որ նրանք ուղղակի չէին կարող հարցաքննվել, քանի որ մեկն առողջական խնդիրներ ուներ, մյուսի վրա կիրառվել են ինչ–ինչ ճնշումներ։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում Քոչարյանը մեղադրվում է նաև սահմանադրական կարգը տապալելու և Սահմանադրական դատարանի որոշման վրա ճնշում գործադրելու համար։

Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը երեկ` մարտի 13-ին, դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնել էր, որ պատրաստվում են դատարան հրավիրել Սահմանադրական դատարանի` այն ժամանակվա բոլոր դատավորներին ու նախագահ Գագիկ Հարությունյանին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան–Նոր Նորքի նստավայրում արդեն երկրորդ օրն է` մեկնարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործով դատավարությունը։

armeniasputnik.am