«Մոտավորապես 200 000 դոլար». Նիկոլ Փաշինյանը РБК ТВ-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի «գինը» (տեսանյութ)

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի՝ պրագմատիզմի նկատմամբ տարած հաղթանակ» էր: Այդ մասին ռուսական РБК ТВ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն գումար դրա համար, այնուամենայնիվ, ստիպված են եղել ծախսել, ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն ակնարկին, որ ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է:

«Մենք մեր հեղափոխության վրա ծախսել ենք մոտավորապես 200 000 դոլար: Որտեղի՞ց էր այդ գումարը: Մենք խնդրել ենք մարդկանցից: Մենք ունեցել ենք էլեկտրոնային դրամապանակ, և բոլոր երկրներից հայերը, մեծ մասը՝ Ռուսաստանից, մեզ գումար են ուղարկել: Մենք այդ գումարները ծախսել ենք, և հեղափոխության շրջանում ամեն շաբաթ մենք հրապարակել ենք՝ որքան գումար ենք ծախսել և ինչի համար»,- հեռուստաալիքի տնօրեն Իլյա Դորոնովին պատմել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս քայլը թույլ է տվել հեղափոխականներին պարտք չմնալ այս կամ այն շրջանակներին:

«Ահա թե ինչու ես ու մեր կառավարությունը չունենք որևէ ստվերային պարտավորություն որևէ անհատի կամ կորպորացիայի առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ արդյունքում Հայաստանում իրավիճակը փոխվել է այնպես, որ այստեղ չկա որևէ մենաշնորհ:

«Սիրո հեղափոխության» հաղթանակի մյուս կարևոր պայմանը, ըստ նրա, սոցիալական ցանցերն էին:

Փաշինյանը պատմել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների մասին՝ ընդգծելով, որ ռուս առաջնորդի կողմից ճնշում չի զգում:

«Անձամբ Պուտինի կողմից չկա որևէ ճնշում: Սակայն Ռուսաստանում կան որոշ ինստիտուտներ, վերլուծական շրջանակներ, որոնք վերլուծություններ և հայտարարություններ են անում: Ինստիտուտների միջև հարաբերությունները դեռ չեն բարելավվել: Ինչո՞ւ, որովհետև անցյալում Հայաստանում ընդդիմադիրներին հեշտ չէր ապրելն ու գործելը, և ընդդիմադիրները համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ, ստացել դրամաշնորհներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: