Ինչո՞ւ հետաձգվեց ԲԴԽ նիստը. Պատճառը լրագրողների ներկայությո՞ւնն էր

Ապրիլի վերջին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ՝ Վճռաբեկ դատարանի 11 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։

Սակայն պաշտոնապես դեռևս չէր հայտարարվել, թե 11 դատավորները կոնկրետ ո՞ր արարքի համար են ենթարկվում կարգապահական պատասխանատվության։

ԲԴԽ-ում այս հարցի հետ կապված նիստի օր պաշտոնապես դեռ նշանակված չէր, սակայն տեղեկացանք, որ այսօր ԲԴԽ-ում նշանակված էր նիստ, որպեսզի դատավորները հասկանային՝ ինչի համար են իրենց ենթարկում կարգապահական պատասխանատվության։ Այն աննախադեպ է, քանի որ նման նիստ առաջին անգամ էր լինելու. Երբևէ այսքան զանգվածաբար դատավորների նկատմամբ կարգապահական տույժեր նշանակելու նախադեպ չի եղել: Ավելին,168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ դատավորները հնչեցնելու էին հարցեր, որոնք նախարարին այդքան էլ լավ դրության մեջ չէին դնելու, ուստի, ըստ մեր աղբյուրի, շատ հնարավոր էր, որ նախարարը չգնար նիստին։

Սա ոչ այլ ինչ է, քան դատական իշխանության նկատմամբ ակնհայտ ճնշում գործադրելու փաստ։

Չնայած 11 դատավորներն այսօր ներկայացել էին ԲԴԽ, սակայն նշված նիստը չկայացավ։ Լրագրողներին ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը տեղեկացրեց, որ նիստ չկա, եթե նիստի օր նշանակված լինի, ապա դրա մասին ԲԴԽ-ից տեղյակ կպահեն։

Իսկ դատավորներն էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ նիստի օրը նշանակված է եղել այսօր, սակայն այն հետաձգվել է. «Պատճառների մասին ոչինչ չենք կարող ասել, ԲԴԽ-ից ճշտեք, մենք չգիտենք, թե հաջորդ նիստը երբ է կայանալու, այլ բան ասելու իրավունք չունենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց դատավորներից մեկը։

Տպավորությունն այնպիսին էր, որ նիստի հետաձգվելու պատճառը լրատվամիջոցների ներկայությունն էր, որոնք ԲԴԽ էին գնացել նիստը լուսաբանելու, քանի որ, երբ դատավորները դուրս էին գալիս ԲԴԽ շենքից, զարմացած հարցնում էին՝ իսկ ո՞ւր են լրագրողները։

Եվ այսպես՝ 2019 թվականի մայիսի 13-ին, ժամը 12:00-ին նախատեսված ԲԴԽ նիստը չկայացավ, և ըստ 168.am-ի աղբյուրների՝ դատավորներին տեղում բանավոր կերպով հայտնել են, որ այն տեղի կունենա հունիսի 6-ին, ժամը 12:00-ին: Մինչդեռ, հետաձգման վերաբերյալ պետք է կայացվեր հիմնավորված որոշում, այսինքն՝ այսօրվա նիստը պետք է բացվեր, ԲԴԽ-ն պետք է հիմնավորեր, որ սա բացառիկ դեպք է, և նոր միայն կայացներ հետաձգելու որոշում:

Նշենք, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածում, սակայն, ասված է՝

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում:

2. Բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան մեկ ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս՝ որպեսդատարան:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 144 հոդվածի, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել՝

1. արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում: Եթե խախտումը հայտնաբերվել է մինչև դատական վարույթն ավարտվելը, ապա սույն կետով նախատեսված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է դատական վարույթն ավարտվելու պահից: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե դատական վարույթն ավարտվելուց հետո անցել է հինգ տարի:

2. դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո:

3. դատավորի կողմից օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունը չկատարելու, սույն օրենսգրքով սահմանված կարգով արդարադատության կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորությունների, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու մասին Բարձրագույն դատական խորհրդին չհայտնելու հիմքերով՝ արարքը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո:

Զվարթ Խաչատրյան

168.am