Արդարացման դատավճիռների քանակն ավելացել է, և դա պայմանավորված է եղել նաև որոշ թմրամիջոցների չափերի ստորին շեմի գործերի ապաքրեականացմամբ․ Ա․ Դավթյան

«ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե արդարացման դատավճիռների ինչպիսի դինամիկա կա:

Արթուր Դավթյանը պատասխանեց, որ ՀՀ-ում 2018-ին արդարացման դատավճիռների քանակն ավելացել է՝ նախորդ տարվա համեմատ, և դա պայմանավորված է եղել նաև մի շարք տեսակի թմրամիջոցների զգալի չափերի ստորին շեմի բարձրացման արդյունքում որոշ գործերի ապաքրեականացմամբ։

«Նախորդ տարվա համեմատությամբ արդարացման դատավճիռների փոքր թվով ավելացում ունենք: Նախորդ տարի, դրա նախորդ տարվա համեմատ, ունեինք էական նվազում: Կայացած ողջ դատական ակտերի շրջանակում 4-6 տոկոսի սահմաններում է տատանվում արդարացման դատավճիռների քանակը: Մեր վերլուծությամբ նախորդ տարվա արդյունքի պատճառ է դարձել այն, որ անցյալ տարի կառավարության որոշմամբ փոփոխվեցին թմրանյութերի չափերը, և բավականին թմրանյութերի չափով նվազագույն շեմը բարձրացվեց»,-ասաց Դավթյանը։

Ըստ նրա՝ դատարանում եղած մի շարք գործեր, թմրամիջոց ապօրինի պահելու համար դատի տրված մի շարք անձանց արարքները փաստացի ապաքրեականացվել են։ Նրա խոսքով՝ արդարացման դատավճիռների նկատմամբ դատախազության վերաբերմունքը շատ հստակ է:

«Յուրաքանչյուր արդարացման դատավճիռ քննարկման առարկա է դառնում առնվազն վերադաս մեխանիզմների կիրառման արդյունքում: Եթե պարզվում է, որ արդարացման դատավճռի համար պատճառ են հանդիսացել միջդատական վարույթում թույլ տրված խախտումները, օրինակ՝ անթույլատրելի ապացույցների օգտագործում, արարքի ակնհայտ սխալ իրավական որակում և այլն, դրանք պարտադիր ունենում են առնվազն կարգապահական հետևանքներ: Սակայն բոլոր այն դեպքերում, երբ արդարացման դատավճիռների պատճառ է հանդիսացել ապացույցների գնահատումը, իրավական վիճարկելի լուծումները և այլն, ապա այդ պայմաններում որևէ մեկի պատասխանատվության խնդիրը չկա»,-ասաց նա։

Դավթյանը կարևորեց հրապարակային դատաքննության անցկացումը, որի արդյունքում դատարանն ինքը կորոշի՝ ապացույցները բավարար են, թե ոչ:

Նշենք, որ ըստ ՀՀ դատախազության 2018-ի գործունեության զեկույցի՝ 2017 թվականի համեմատությամբ, 2018 թվականին արդարացման դատավճիռների թիվն աճել է 59-ով, իսկ արդարացվածների թիվը՝ 61-ով:

tert.am