Հայաստանը մեկ տարի առաջ և այժմ. РУСАРМИНФО-ն ներկայացրել է հայտնի ռուսների ու ռուսաստանաբնակների կարծիքը Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ

Մեկ տարի առաջ Հայաստանում իրականացված «թավշյա» հեղափոխության արդյունքում երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ, և Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից Ազգային ժողովի կողմից հանրապետության վարչապետ ընտրվեց:

Իշխանափոխության մեկ տարվա առթիվ Rusarminfo.ru կայքը վերջին տարում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ զրուցել է քաղաքականությամբ չզբաղվող, բայց Հայաստանի հետ սերտ կապեր ունեցող ռուսների ու ռուսաստանաբնակ հայերի հետ:

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի դասախոս, հայտնի բյուրեղագետ, քիմիկոս և նյութագետ Արտեմ Օհանովը կարծում է, որ, չնայած երկրի վարչապետի՝ հանրությանը տված խոստումներին, հեղափոխությունից հետո Հայաստանում դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել:

«Հայաստանն այնպիսի իրավիճակում է գտնվում, որ իշխանություններից իրականում այնքան էլ շատ բան կախված չէ, դրա համար էլ առանձնակի սպասելիքներ չկան և չեն եղել: Դեպի վեր շարժումը միշտ էլ դանդաղ գործընթաց է եղել: Արագ և հեքիաթային փոփոխություններ ակնկալելը միամիտ կլիներ, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է առևտրային շրջափակման և սառեցված ռազմական հակամարտության մեջ, երկիրն այժմ լուրջ տնտեսական վերափոխումների համար ռեսուրսներ չունի», – ասել է Օհանովը կայքի հետ զրույցում:

Հակառակ տեսակետն է հայտնել հայկական արմատներով ռուսաստանաբնակ հայտնի երաժիշտ, «Крематорий» ռոք խմբի անդամ Արմեն Գրիգորյանը:

«Կարող եմ փոխանցել ձեզ իմ հայաստանյան ամառանոցի հարևանությամբ բնակվող մարդկանց կարծիքը: Նրանք նոր իշխանությունների մասին հիմնականում դրականորեն են արտահայտվում: Օրինակ՝ նրանցից մեկը, որը քանդակագործ է, նախկինում մշտապես բողոքում էր հարկային ծառայությունների շորթումներից, այժմ համոզված է, որ դրանց վերջ է տրվել: Իմ մեկ այլ հարևանուհին վերջերս վարորդական իրավունքի քննություն է հանձնել և գոհունակությամբ պատմում էր, որ նրանից ոչ մի գրոշ չեն վերցրել, իսկ նախկին իշխանությունների օրոք, նրա խոսքով, առանց կաշառքի գործը գլուխ բերել հնարավոր չէր լինի: Միևնույն ժամանակ ազգականս, որը ցանկանում էր պաղպաղակի արտադրամաս բացել, հավաքել էր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բայց մերժում է ստացել», -ասել է Գրիգորյանը:

Երաժշտի խոսքով՝ երկրում կենցաղային մակարդակում կոռուպցիան շարունակում է նվազել, սակայն ձեռնարկատիրական գործունեության ազատության հետ կապված դեռևս խնդիրներ կան:

Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովն իր հերթին ասել է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին օբյեկտիվ կերպով կարող են կարծիք հայտնել միայն երկրում բնակվողները:

«Ես իրավունք չունեմ կարծիք արտահայտելու այնպիսի հարցերի շուրջ, որոնց մասին պետք է Հայաստանում ապրողները խոսեն, իսկ ես այնտեղ չեմ ապրում: Լսել եմ հայաստանաբնակ այնպիսի մարդկանց կարծիքները, որոնց վստահում եմ, և կարծես թե դեռ ոչ մի վատ բան չեմ լսել»,- ասել է Դիբրովը:

Նա հավելել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն իրեն չեն վերաբերել. հայերը նրա նկատմամբ միշտ ջերմ և բարեհոգի վերաբերմունք են դրսևորել, ինչն անփոփոխ է մնացել:

tert.am