ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ին ու հայ ժողովրդին՝ օգնելով երկրի բարգավաճմանը, անվտանգության ապահովմանը. Ջորջ Քենթ

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանին ու հայ ժողովրդին՝ օգնելով երկրի բարգավաճմանը, անվտանգության ապահովմանը, հարևանների հետ խաղաղ գոյակցելուն և զարգացմանը՝ որպես ժողովրդավարական երկիր։ ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը։

«Ահա այդ է պատճառը, որ մենք այստեղ ենք և հայտնեցինք պատրաստակամություն հայ-ամերիկյան բարեհաջող համագործակցությունը շարունակելու համար»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր Երևանում ավարտվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը, որի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի միջև տեղի է ունեցել օժանդակության և անցումային ծրագրի շուրջ համաձայնության ստորագրման արարողություն։

Ջորջ Քենթը, որը հայ-ամերիկյան ստրատեգիական երկխոսության համանախագահն է, տեղեկացրեց, որ քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև համագործակցության ոլորտների վերաբերյալ հարցեր։  Լրագրողի հարցին՝ արդյոք ռազմաարդյունաբերական համագործակցության մասին հարցեր քննարկե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և արդյոք ԱՄՆ-ի կողմից կոնկրետ առաջարկներ եղե՞լ են, ամերիկացի պաշտոնյան պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ այս հանդիպումը երկրորդն էր ու անցել է շատ լավ պայմաններում։

Հանդիպման ժամանակ, Քենթի ներկայացմամբ, խոսել են բազմաթիվ հարցերի շուրջ։ «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսլականը, խոսել ենք ղարաբաղյան հիմնահարցի շուրջ, քննարկել ԱՄՆ դերը այդ հակամարտության լուծման հարցում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր։ Մեր պատվիրակության մյուս ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանի կառավարության այլ նախարարների հետ։ Այս այցի շրջանակներում դիտարկվեցին ու քննարկվեցին մեր համագործակցության տիրույթում գտնվող բոլոր հարցերը»,- ասաց նա։